Փաշինյանի նկատողությունը՝ հակառուսների շրջանառած հարցը հնչեցրած Քլոյանին

ՀՀ իրավապահ մարմինները քննում են Ռուսաստանի Դաշնության` հետախուզման մեջ գտնվող քաղաքացու հարցը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ ռուսական ռազմական ոստիկանության աշխատակիցները Գյումրիում առևանգել են ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինինին, և նա ապօրինի անազատության մեջ է պահվում 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում։

Ըստ Քլոյանի` ստացվում է՝ մեր երկրում մենք մեզ անվտանգ չենք զգում։ Փաշինյանին դուր չեկավ պատգամավորի եզրակացությունը։

«Հիմա ադրբեջանական լրատվամիջոցները կվերցնեն և կսկսեն տարածել, կգրեն` Հայաստանում անվտանգ չէ, և զբոսաշրջիկները չպետք է գան այստեղ։ Ցավոք, ՀՀ-ում հարյուրավոր հանցագործություններ են լինում, դրանից չի կարելի հետևություն անել, որ ՀՀ-ում մարդիկ իրենց անվտանգ չեն կարող զգալ։ Միջազգային վարկանիշային կազմակերպությունները գրում են, որ ՀՀ-ն անվտանգ երկրների ցանկում 7-րդ տեղում է»,- ընդգծեց նա։

Քիչ անց Փաշինյանը հայտարարեց` իրեն հայտնեցին, որ երկու օր առաջ ՌԴ այդ քաղաքացին փորձել է մեկնել ՀՀ-ից «Զվարթնոց» օդանավակայանով, բայց քանի որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել, նրան հանձնել են ոստիկանությանը։

Քաղաքացու նկատմամբ կալանքի որոշում չի եղել, այդ պատճառով նա ազատ է արձակվել ու այժմ փորձում են պարզել նրա գտնվելու վայրը։

Տեսանյութեր

Լրահոս