Ո՞վ է կինը… Առաջին կնոջն անվանեցին Եվա, թարգմանաբար` կյանք
Ապրիլի 7-ին նշվեց Ավետման տոնը՝ մայրերի ու մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրը:
Ո՞վ է կինը՝ ընտանիքում, հասարակության մեջ, ի՞նչ դեր ու առաքելություն ունի: Տարբեր կրոններում տարբեր են կնոջ մասին ըմբռնումները, ընտանիքում` նրանց տեղն ու դերը։
Քրիստոնեությունը` կնոջ դերի բարձրացման հիմք
Ըստ Աստվածաշնչի՝ առաջին կինը ստեղծվեց տղամարդու կողոսկրից, ինչպես Սուրբ Օգոստինոս Երանելին է նշում, որպեսզի տղամարդու կողքին լինի: Ստեղծվեց թևի տակից, որպեսզի պաշտպանվի և սրտի կողմից, որպեսզի սիրված լինի:
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը հիշեցնում է՝ առաջին կնոջն անվանեցին Եվա, թարգմանաբար՝ կյանք:
«Տիեզերքում գիտակից արարած կարող են ստեղծել, լույս աշխարհ բերել՝ Աստված և կինը: Կանայք մեծ շնորհընկալներ են Աստծո կողմից: Ինչպես Գաբրիել հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին ավետեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նույն կերպ ամեն մայրության բերկրանքի սպասող կին իր մեջ կրում է Աստծո պատկերն ու նմանությունը ունեցող արարածի», – նշում է Տեր Տիգրանը։
Հին Կտակարանում կնոջը տեսնում ենք արական սեռի տիրապետության տակ: Ըստ քահանայի՝ իրավիճակը հասկանալու համար՝ պետք է հաշվի առնել միջավայրը, այդ ժամանակ, այդ շրջանում առկա պատմական իրողությունը: Նոր Կտակարանում պատմական համատեքստը շատ տարբեր չէր, սակայն այստեղ տեսնում ենք Մարիամ Աստվածածնի կերպարը: Հոգևորականի խոսքով` հենց քրիստոնեությունն է նպաստել կանանց հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը: Քրիստոս Իր ուսուցումներով ու վերաբերմունքով փոխեց իրավիճակը։
«Կարծում եմ կնոջ դերի բարձրացման և կանանց իրավունքների պաշտպանության ամենամեծ հիմքը և խթանը քրիստոնեական աշխարհընկալումն է եղել, որի շնորհիվ հնարավոր է եղել, որ ունենանք կնոջ իրավունքների ժամանակակից համայնապատկերը»:
Հիշեցնում է՝ Ավետարանում գրվածը.
«Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով» (Գաղ. 3։28):
Կնոջ դերը…
Խոսելով հայ կանանց մասին՝ հոգևորականը հիշեցնում է Եղիշեի խոսքը՝ փափկասուն տիկնանց, նրանց դերի ու առաքելության մասին:
«Պատմության ընթացքում մեր ժողովուրդը կարողացել է ձևավորել մոր, քրոջ, կնոջ շատ լավ կերպար, ցավոք մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով շատ ներմուծումներ են եղել ոչ հայկական մշակույթից բխող՝ կանանց առանձնացման, նվաստացման, որոնք բխել են մահմեդական, Մերձավոր Արևելքի մշակույթից և ընկալումներից»,- նշում է քահանան:
Հոգևորականի խոսքով՝ կնոջ դերը կարևոր է ուժեղ պետություն, կիրթ սերունդներ ունենալու հարցում.
«Յուրաքանչյուրը աշխարհը տեսնում, ճանաչում է իր մոր աչքերով: Ինչքան մեր մայրերը այս աշխարհում Աստծուն տեսնեն, այնքանով մենք կունենանք Աստծո ներկայությամբ, շնորհներով առատ երկիր, հայրենիք, գյուղ, պետություն, մոլորակ»:
Կինը` եկեղեցում
Եկեղեցում ընդունված է, որ Ավետարանն առաջինը համբուրեն տղամարդիկ։ Սուրբ Հաղորդություն ևս կանայք ստանում են տղամարդկանցից հետո, սակայն չի նշանակում, որ կանայք օտարված են եկեղեցուց։ Ըստ Տեր Տիգրանի՝ կարգերը, ժամանակին հաստատվել են կարիքից թելադրված: Թվարկածները կապ չունեն Աստծո ու մարդու հարաբերության հետ:
Օրինակ՝ ժամանակին անծանոթ տղամարդկանց ու կանանց միևնույն վայրում միասին գտնվելը խնդրահարույց էր: Շատ հարցեր հաշվի առնելով` այդ թվում հիգիենային վերաբերող, սահմանվել են նման օրենքներ, նաև սեռերի բաժանում:
Պատմության ընթացքում տարբեր սոցիալական խմբերի դերը և ներգրավվածությունը տարբեր է եղել եկեղեցական ծառայություններում:
Խոսելով կնոջ դերի մասին` քահանան նշում է` այն այսօր ոչ թե ստորադասված է, այլ առանձնացված, ինչպես տղամարդունը.
«Աստված մեզ իր պատկերով ու նմանությամբ ստեղծելով հանդերձ` մեզնից յուրաքանչյուրին տվել է մշակութային, լեզվամտածողության և սեռով պայմանավորված առաձնահատկություններ, որոնք Եկեղեցու կողմից դարեր շարունակ լավագույնս ծառայեցվել են` ի նպաստ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի քարոզչության»:
Անի Ավագյան