ԱՊՀ երկրների առևտուրը հասել է ողջ պատմության ընթացքում առավելագույնին. Օվերչուկ
ԱՊՀ երկրների փոխադարձ առևտուրը վերջին 8 տարիների ընթացքում աճել է ավելի քան երկու անգամ՝ 56,7 մլրդ դոլարից հասնելով 118,7 մլրդ դոլարի: Այս մասին ասել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ԱՊՀ անդամպետությունների միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում:
Նրա խոսքով՝ 2023 թվականին ԱՊՀ երկրների միջև առևտուրը հասել է առավելագույնին ԱՊՀ ողջ պատմության ընթացքում։ Այսպես, Հայաստանն ԱՊՀ երկրներ արտահանումն ավելացրել է 14 անգամ (մինչև 3,6 մլրդ դոլար), Ուզբեկստանը՝ 5,6 անգամ (8 մլրդ դոլար), Ղազախստանը՝ 2,3 անգամ (15,7 մլրդ դոլար), Բելառուսը՝ 2,4 անգամ (21,2 մլրդ դոլար), Թուրքմենստանը՝ 7,7 անգամ (2,1 մլրդ դոլար)։ Ռուսաստանն ԱՊՀ երկրների հետ առևտուրն ավելացրել է մինչև 58,8 մլրդ դոլար։
Օվերչուկը նշել է նաև, որ ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին հասել է 8,8 տրիլիոն ռուբլու՝ 2022 թվականի ցուցանիշների համեմատ ավելացնելով 5,8 տոկոսով։
«Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը՝ 3,7 տրիլիոն ռուբլի։ Դա լավ ցուցանիշ է։ Սակայն արտահանման ներուժը մնում է բարձր, և այն միայն կընդլայնվի»,-պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկն ավելացրել է, որ ԱՊՀ երկրների թվում հիմնական առևտրային գործընկերներն են Բելառուսը, որի մասնաբաժինը կազմում է 44,8 տոկոս, Ղազախստանը՝ 27,4 տոկոս և Ուզբեկստանը՝ 9,3 տոկոս: