Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 28-ին ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով:

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ բարձրագույն սպայակազմը զորախաղին հետևել են նաև տարատեսակ ԱԹՍ-ների նկարահանումների միջոցով:

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին, ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարարն ընդգծել է ռազմարդյունաբերողների հետ ամենօրյա աշխատանքի կարևորությունը՝ զինված ուժերը նորարար և արդյունավետ զինատեսակներով համալրելու համար:

Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարն օպերատիվ հավաքների մասնակից սպայակազմի հետ քննարկել է այս շաբաթ իրականացված համալիր միջոցառումները, ամփոփել քառօրյա հավաքները և տվել համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև նախարար Պապիկյանը զորավարժարանի մեկ այլ տեղամասում հետևել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների պարապմունքներին: Բարձրաստիճան սպաները ներկայացրել են ակադեմիայի տեսական դասերի ու գործնական պարապմունքների նոր ձևաչափը, որը նպաստելու է անձնակազմի մարտական պատրաստության ամրապնդմանը, արհեստավարժության բարձրացմանը:

Սուրեն Պապիկյանը հետևել է կուրսանտների հրաձգությանը, հանձնարարել է խրախուսել լավագույն արդյունք գրանցած զինծառայողներին:

Տեսանյութեր

Լրահոս