Հայաստանը կարող է դառնալ տեխնոլոգիական հաբ՝ միավորել թվայնացմամբ հետաքրքրվող ընկերություններին. Սիմոնյան
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումն այս տարի տեղի կունենա ապրիլի 3-ին՝ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրի ներքո։
Ֆորումի նպատակն է՝ ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել՝ որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:
Doing Digital Forum-ն այս տարի կներկայանա նոր դեմքով և թեմաներով: Կհյուրընկալի ոլորտի համաշխարհային առաջատար խոսնակներին և փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանքինգի նոր հայեցակարգի և բեսթսելեր դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը շեշտեց՝ ֆորումը Հայաստանում անցկացնելու նպատակը Հայաստանը տեխնոլոգիական հաբ դարձելն է։
«Թվայնացումն անխուսափելի է լինելու տնտեսության բոլոր ոլորտներում։ Թվային հեղափոխությունը սահմաններ չի ճանաչում, հետևապես՝ այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, թվայնացումն անխուսափելի է։ Գնալ տեխնոլոգիաների ճանապարհով և մեր տեղն ունենալ այդ աշխարհում՝ սա է ճիշտ ճանապարհը։ Մենք կարող ենք մրցունակ լինել՝ որպես պետություն։ Հայաստանը կարող է դառնալ տեխնոլոգիական հաբ՝ միավորելով թվայնացմամբ հետաքրքրվող ընկերություններին»,- վստահեցրեց Սիմոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում