«Իշխանությունը ոտքի տակ է դրել մարդու իրավունքները. ոստիկանությունը չպետք է արժանապատվությունը հավասարեցնի ասֆալտին». Լարիսա Ալավերդյան

Մարտի 22-ին իրավապահները ձերբակալվեցին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին՝ օնլայն հարթակում հրապակվող «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ-վարողներին։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ փոդքասթի հաղորդավարները ձերբակալվել են խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Նրանց ձերբակալությունից ժամեր անց երկուսն էլ կալանավորվեցին՝ 2 ամիս ժամկետով։

Իրավապահները Նարեկ Սամսոնյանին բերման էին ենթարկել բիրտ ուժ գործադրելով՝  գետնին գցելով։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն ասաց՝ իշխանությունների և իրավապահ համակարգի համար օրենքը և մարդու իրավունքներն առոչինչ են։

«Իշխանության ու իրավապահ համակարգի համար մարդու իրավունքները ոչ միայն արհամարհվում են, այլև ոտքի տակ են դրվում։ Իրավապահների վերաբերմունքը ոչ միայն այդ երկու երիտասարդների հանդեպ է, այլև վարչակարգի վերաբերմունքն է երկրում մարդու իրավունքների հանդեպ»:

Փռել ասֆալտին, դեմքը կպցնել գետնին, սա վերաբերմունք է բոլոր քաղաքացիների նկատմամբ, այս ամենը ցույց է տալիս պաշտոնական դիրքի չարաշահում, ուժի կիրառման սահմանի անցում։ Ի վերջո, մարդու իրավունքների հիմքը մարդու արժանապատվությունն է։ Եթե տեսնեք, թե ինչպես են ձերբակալում մարդկության հանդեպ ահաբեկչություն իրականացրած անձանց, կարող եք զուգահեռներ անցկացնել ու տեսնել, որ իրավապահների գործողությունները ահաբեկիչների ու սովորական քաղաքացիների նկատմամբ չեն տարբերվում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Լարիսա Ալավեդյանի մեկնաբանությամբ, երբ դիմակավորված անձինք բիրտ ուժով քաղաքացու են ձերբակալում, անհայտ է մնում, թե ովքեր են այդ անձինք, արդյո՞ք նրանք թմրանյութի ազդեցության տակ են, թե՞ ոչ, նրանք հայե՞ր են, թե՞ ոչ։

«Կարծում եմ՝ այս հարցերը պետք է լրագրողների ուշադրության կենտրոնում լինեն։ Այդ գործողություններով իրենց հայ ոստիկաններ կոչողներն իրականացնում են և սպասարկում թուրք-ադրբեջանական, ցեղասպանական քաղաքականությունը։ Ես անդադար այդ բանաձևը կրկնելու եմ։ Թե որդեկորույս մայրերի, թե այս դեպքում  երևում է, որ խոսքը հայատյացության դրսևորման մասին է, այդ կերպ կարող են գործել միայն օտար երկրին ծառայող ոստիկանները։ Տասնյակ տարիներ մենք պայքարում ենք, որպեսզի ոստիկանությունն իր արժանապատվությունը չհավասարեցնի ասֆալտին։ Իմ այս բնորոշումները մի գրամ անգամ կոշտություն կամ չափազանցություն չեն պարունակում՝ սա իրականությունն է»,- շեշտեց Լարիս Ալավերդյանը։

Նրա բնորոշմամբ՝ այսօր Հայաստանը զավթված է ներսից, և այն երկրները, որոնք Հայաստանի «ժողովրդավարությանը» գովեստի խոսքեր են շռայլում, ուղղակի անում են այն, ինչը կարճատև կտրվածքով համապատասխանում է իրենց սեփական աշխարհաքաղաքական շահերին։

«Պարզապես այդ երկրները պետք է հասկանան, որ իրենց այդ քայլերը ծանր են անդրադառնում ոչ միայն Հայաստանի, այլև իրենց երկրների վրա»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս