
Մոսկվայի դատարանը ահաբեկչության 4 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը

Մոսկվայի Բասմանիի շրջանային դատարանը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն իրագործող 4 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 1 ամիս 28 օրով՝ մինչև մայիսի 22-ը
Բոլոր 4 կասկածյալները մեղադրվում են ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, որոնք ապրում են Ռուսաստանում։ Ըստ դատարանի հրապարակած տեղեկությունների՝ նրանցից երկուսն իրենց մեղավոր են ճանաչել։
Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 137-ի, 182 մարդ վիրավոր է։ Զոհերի թվում կա Հայաստանի 1 քաղաքացի։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունն ամենամահաբերն է Ռուսաստանի տարածքում 2004 թվականին Բեսլանի ահաբեկչական հարձակումից հետո, երբ սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավել էին քաղաքի դպրոցներից մեկը՝ պատանդ վերցնելով 1100-ից ավելի մարդու։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 333 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ։