Բաժիններ՝

«Դոժդ»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել հեռուստաալիքի եթերում հայերի հասցեին հնչած անհիմն մեղադրանքների համար

Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն ներողություն է խնդրել հեռուստաընկերության եթերում հնչած անհիմն մեղադրանքների համար, թե Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկության մեջ ներգրավված են եղել հայեր։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունից հետո, որով դեսպանությունը կտրականապես հերքել էր հայերի մասնակցությունն ահաբեկչությանը և կոչ էր արել զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց, «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ ներողություն է խնդրել, որ իրենց եթերում անհիմն մեղադրանքներ են հնչել։

Նա նշել է, որ շատերը կարող են լսած լինել իրենց եթերում հանդես եկած անձին, որը ներկայացել է որպես «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ձայնային ռեժիսոր և հայտարարել, թե իբր լսել է, որ հարձակվողները խոսել են հայերեն և հայերենով հայհոյանքներ են հնչեցրել։

Ձյադկոն նաև շեշտել է, որ այդ անձն առանց ապացույցների հայտարարել է հայկական հետքի մասին․ «Մինչև եթերը միացնելը՝ նախնական հարցազրույցի ժամանակ, այդ անձը նման որևէ բան չէր ասել։ Երբ մենք լսեցինք նման անապացույց մեղադրանքներ, եթերի հաղորդավարուհին ընդգծեց, որ դա ապացուցված չէ, մենք հանեցինք այդ մարդուն եթերից և կտրեցինք այդ կտորը։ Ես ներողություն եմ խնդրում, որ «Դոժդ»-ի եթերում նման անապացույց մեղադրանքներ են հնչել»,- գրել է Ձյադկոն։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ վրդովմունք արտահայտռելով «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հնչած անհիմն հայտարարությունների համար ահաբեկչությանը հայերի մասնակցության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս