«Երևանում բուհ չպետք է լինի, «Ակադեմիական քաղաք»-ից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի». Փաշինյան
Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է «Ակադեմիական քաղաք»-ի բուհական համակարգի ֆինանսավորմանը:
Այս մասին ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ բոլոր բուհերը «Ակադեմիական քաղաք» տեղափոխելուց հետո Երևանում մնացած բուհական բոլոր շենքերը պետք է համախմբվեն մեկ կազմակերպության մեջ, տրվեն միջազգային հեղինակավոր ընկերության կառավարմանը, որից ստացված եկամուտը կգնա «Ակադեմիական քաղաք»-ի և բուհական համակարգի ֆինանսավորմանը:
«Բուհական ոլորտում մեր խնդիրները խորն են։ ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ։ Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք։
60 բուհ նշանակում է 60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1000 դեկանի տեղակալ… Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարվածություններ են առաջանում, քանի որ խոսում ենք հարյուրավոր և հազարավոր մարդկանց՝ իրենց տեսակետից՝ վերոնշյալ կարգավիճակներից զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման և զարգացման մասին է։
Որպես կառավարություն՝ զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինություն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթե մենք ՀՀ-ում բուհերը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա: Նույնիսկ, եթե մեր օրենքներով փորձենք հավաստագրել և լիցենզավորել, ոչ մի բուհ այդ լիցենզավորումը չի ստանա»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ «Ակադեմիական քաղաք»-ը չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։
«Ի վերջո, Երևանում բուհ չպետք է լինի, «Ակադեմիական քաղաք»-ից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի։ Հայաստանի բոլոր բուհերը՝ հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական՝ պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- ևս մեկ անգամ շեշտեց Փաշինյանը: