Բաժիններ՝

Գազայում սպանված երեխաների թիվն ավելի է չորս տարվա ընթացքում աշխարհում հակամարտությունների զոհ դարձած երեխաների թվից. ՄԱԿ

Գազայի հատվածում չորս ամսում զոհված երեխաների թիվը գերազանցել է վերջին չորս տարում ամբողջ աշխարհում հակամարտությունների հետևանքով զոհված անչափահասների թիվը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։

«Ցնցող է։ Գազայի հատվածում չորս ամսից փոքր-ինչ ավելի ժամանակամիջոցում սպանված երեխաների թիվը գերազանցում է այն երեխաների թիվը, որոնք չորս տարվա պատերազմների ընթացքում սպանվել են ամբողջ աշխարհում միասին վերցրած», – գրել է Լազարինին X սոցիալական հարթակում:

Նրա խոսքով՝ ներկայիս պաղեստինաիսրայելական հակամարտությունը «պատերազմ է երեխաների դեմ»։

«Սա պատերազմ է նրանց մանկության և նրանց ապագայի դեմ», – հավելել է ՄԱԿ-ի հանձնակատարը։

Լազարինին կրկնել է իր կոչը՝ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հանուն Գազայի հատվածի անչափահասների։

Պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31 200-ի:

Ըստ Լազարինիի հրապարակած տվյալների՝ նրանցից 12 300-ից ավելին երեխաներ են։ Իսկ 2019-2022 թթ․ ընթացքում աշխարհում հակամարտությունների զոհ է դարձել 12 193 երեխա։

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմ է սկսել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս