
Ավիացիայի ոլորտում 13 խմբի համար պետտուրք կսահմանվի

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Պետական տուրքի մասին և Ավիացիայի մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը։ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարել է, թե ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Ուսումնասիրելով միջազգային փորձը` կոմիտեն պարզել է, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով:
Նախագծով Կառավարությունն առաջարկում է ծառայությունների 13 խմբի համար սահմանել պետական տուրք:
«Նախաձեռնությամբ ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով` հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը և միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները»,- ընդգծել է փոխնախարարը և հավելել. «Ըստ կանխատեսումների` նշված տուրքերի սահմանման դեպքում պետական բյուջե եկամուտները կավելանան տարեկան մոտ 150 մլն դրամով»:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ավիացիոն ոլորտում որակյալ ծառայությունների մատուցմանը, կոմիտեում որակավորված մասնագետների ներգրավմանը, օդի տուրքի կիրառմանը և այլն: