Բաժիններ՝

Մենք դեռ ժամանակ ունենք զղջալու. Միջինք

Մեծ Պահքը կիսվեց. Միջինք է: Օրը հիշեցնում է, որ մինչև Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է զղջումի ու ապաշխարության քսանչորս օր:

Միջինքի մասին խոսելիս հաճախ նշում են բաղարջի, մետաղադրամի, ավանդույթների մասին՝ անտեսելով օրվա հոգևոր խորհուրդը: Շատերին թվում է, թե այս օրը տոն է միայն այնքանով, որ Պահք պահելուն մնացել է քիչ ժամանակ:

Մեր կյանքի, ընթացքի վերարժևորման խորհրդանիշը

Միջինքը ապաշխարության ընթացքի կարևոր հանգրվանն է, նշում է Մայր Աթոռի դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանը.

Կարդացեք նաև

«Միջինքի կարևոր հոգևոր իմաստն այն է, որ մենք դեռ ժամանակ ունենք ապաշխարելու: Մեր կյանքն ապաշխարության, զղջման մի ճանապարհ է: Միջինքն այն հույսն է, որ մենք դեռ ժամանակ ունենք՝ հիշելու մեր բոլոր մեղքերը, որ մոռացել ենք, զջղալու ու Աստծուց ներում հայցելու»:

Այս օրը մեր կյանքի, ընթացքի վերարժևորման խորհրդանիշն է, հավելում է հոգևորականը.

«Պետք է մի պահ կանգ առնենք ու մտածենք, թե ինչ կյանք ենք ապրում: Ամեն օրը մեր կյանքի Միջինքն է, որովհետև չգիտենք՝ ինչքան ժամանակ ունենք ապրելու: Միջինքը նաև Աստծուց գոհանալու օր է: Պետք է կարողանանք գոհություն հայտնել Աստծուն, որ դեռ հնարավորություն է տալիս մեզ ապրելու:

Պահքը չի ընդհատվում, շարունակվում է

Միջինքը Հայաստանում նշվել է տարբեր կերպ: Ըստ ժողովրդական ավանդության՝ տանտիկինները թխել են բաղարջ՝ հայկական տոնական, ծիսական հաց, որի մեջ դրել են մետաղադրամ: Այդ օրը, սակայն, պետք չէ ճաշակել ոչ պահքային ուտեստներ. Պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել:

Անի Ավագյան

qahana.am 

Տեսանյութեր

Լրահոս