
Բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը և ձեր նուրբ ու քնքուշ տեսակով դարձնում եք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա:
Սիրելի՛ մայրեր, առանց ձեզ չէր լինի ոչինչ: Շնորհակալ ենք, որ անասելի նվիրումով, հոգատարությամբ և ծով համբերությամբ, հաճախ զրկանքներով, պարգևել եք կյանք ու կերտել ճակատագրեր:
Հարգանք և խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, որոնք ծնել և դաստիարակել են հերոսներ:
Ուժեղ կանանց մասին կարելի է խոսել անվերջ: Պատմականորեն բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր ոլորտներում:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն և շարունակե՛ք ձեր գոյությամբ լցնել աշխարհը սիրով: Սիրե՛ք և գնահատե՛ք ձեզ և հավատացած եղեք, որ դուք կարող եք հասնել բոլոր հնարավոր և թվացյալ անհնարին հաջողություններին՝ լինել լավ մայր, քույր, կին, գործարար կամ բոլորը միասին:
Թո՛ղ ձեր ուժն ու հմայքը ջերմացնեն մեզ միշտ:
Շնորհավո՛ր ձեր տոնը: