Խոշոր ներդրողները սպասում են Փաշինյանի որոշմանը
Թեև Հայաստանի Կառավարության ղեկավարն ու տնտեսական բլոկը ղեկավարող նախարարը մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ անում եմ ամեն ինչ Հայաստանը խոշոր ներդրողներին գրավիչ դարձնելու համար, արդեն մի քանի տարի է՝ մի քանի հարյուր միլիոն եվրո արժողությամբ ֆրանսիական ներդրումային խոշոր ծրագիրը շարունակում է մնալ միայն թղթի վրա, ծրագիրն իրագործելուն պատրաստ ընկերության հիմնադիրներն էլ ունեն Կառավարության հետ կնքած հուշագրեր։
Խոսքը, մասնավորապես, «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերության և Կառավարության միջև կնքված հուշագրերի մասին է, որոնց կյանքի կոչման պարագայում Արագածի գագաթին և փեշերին ունենալու ենք ֆրանսիական Քուրշավելի նմանությամբ մի քաղաք՝ իր ճոպանուղիով, 125 կիլոմետր դահուկուղիով, զիփլայնով, խանութներով, ռեստորաններով, հյուրատներով, ջրամբարներով և այլ ենթակառուցվածքներով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով այս ծրագրին՝ ասաց ծրագրի ֆինանսիստ, միջազգային ներդրումային ծրագրերի համակարգող Արա Հովսեփյանը, այն համարելով Արագածոտնի մարզի զարգացմանը միտված, նմանը չունեցող բացառիկ հնարավորություն: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հորդորեց ծրագիրը դիտարկել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման համատեքստում, քանի որ դրա համահեղինակն է ֆրանսիական Société des 3 Vallées ընկերության տնօրեն Պասկալ դը Տիերսանթը։
«Հայաստանը կարիք ունի խոշոր մեգանախագծերի։ Հենց այդ համատեքստում է կարևոր «Արագեյթի» ծրագիրը, որը դեռևս 2019 թվականին է ներկայացվել ՀՀ Կառավարությանը։ Այն իրենից ենթադրում է միայն առաջին փուլով 350 միլիոն եվրոյի ներդրում։ Ինչ-Ինչ պատճառներով ծրագիը սառեցված է»,– ասաց Հովսեփյանը։
Խոսելով այն պատճառների մասին, որոնց հետևանքով ծրագիրը դոփում է տեղում, Հովսեփյանը մատնանշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված մրցույթը, որը եղել է ոչ թափանցիկ։
Ըստ Հովսեփյանի՝ մրցույթն անցկացվել է «Արագեյթ Ինվեսթմենթս» և ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի ղեկավարած «ՌԻԴ» ընկերության միջև և առաջացրել բազմաթիվ հարցեր՝ ընդհուպ ֆրանսիացի ներդողների մոտ։
««Արագեյթ Ինվեսթմենթս»-ը ներկայացրել է 60 էջանոց ներդրումային ծրագիր, որով նախատեսվում է Արագածում ստեղծել ֆրանսիական Քուրշավելի նմանությամբ քաղաք-հանգսյան գոտի, լեռնադահուկային համալիր, որը կգործի տարին 12 ամիս և կզարգացնի ամբողջ Արագածոտնի մարզը։ «Ռիդ»-ը ներկայացրել է 1 էջանոց ծրագիր, որով նախատեսվում է Արագածի փեշերին ունենալ ֆերմերային տնտեսություն՝ խոզաբուծարան, ինչպես նաև մեկ-երկու ենթակառուցվածք։ Մրցույթում հաղթել է 1 էջանոց ծրագիրը՝ 190 մլն եվրո արժողությամբ։ Մրցույթը համակարգել է էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի տեղակալ Նարեկ Տերյանը»,- ասաց Հովսեփյանը։
Դիտարկմանը՝ մրցույթի արդյունքը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Ռուբեն Գրիգորյանը ՔՊ-ամերձ գործարար է, Հովսեփյանն այդ հանգամանքը չբացառեց՝ ուշադրություն հրավիրելով մեկ այլ հանգամանքի վրա, որ թեև մրցույթում հաղթել է Գրիգորյանը, նրա ներկայացրած ծրագիրը կյանքի չի կոչվում: Տեղեկություններ կան, որ ռուսաստանաբնակ գործարարը Ռուսաստանում վաճառում է իր ակտիվները, ու չի բացառվում, որ ունենա ֆինանսական խնդիրներ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում