2018 թվականին կանգնեցինք սրանց կողքին՝ եղավ կործանում, հիմա ո՞ւմ շուրջ համախմբվենք, օտարի շահերը սպասարկողի՞. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սահմանախախտ ադրբեջանցուն հայկական կողմից  Բաքվին հանձնելը ոչ թե բարի կամքի, այլ ստրկացված իշխանության վարքագծի դրսևորում էր։

«Չկա ոչ մի արժանապատվություն, ավելին՝ այս վարքագծով արդեն ողջ ազգի, պետականության ու ժողովրդի արժանապատվությունն է այս իշխանությունը շպրտել գետնի վրա։ Այդ կեղծ թեզը, որ անընդհատ առաջ է տանում, գալիս է հենց Նիկոլ Փաշինյանի էությունից։

Նա իր վարքագծով երբեք չի հանդուրժում ոչ միայն բարեկամությունը, նաև եղած դաշնակցային հարաբերությունը վերածում է թշնամականի՝ թշնամիներին ավելի է կատաղեցնում ու դարձնում վայրենի։

Նա ինչպես իր կյանքն է ապրում, այնպես էլ ստիպում է մեր ժողովրդին ապրել. ներքին թշնամանք սերմանելուց սկսած, ավարտած պետության նկատմամբ նման ագրեսիվ վարքագիծ ձևավորելով»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արծվիկ Մինասյանը։

Կարդացեք նաև

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանն իր և սեփական թիմի քաղաքականությունը վարում է ընդդեմ Հայաստանի, Արցախի Հանրապետության ու ընդդեմ հայ ժողովրդի։

Հարցին՝ հնարավոր չէ՞ր ադրբեջանցի սահմանախախտին հանձնելուց բարձրացնել գերիների փոխանակման հարց, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր էր, իշխանությունը նման քայլի չգնաց, քանի որ բնույթով այդպիսին է։

«Իրենք օտարի օրակարգով ապրող իշխանություններ են՝ սեփական աթոռը, իշխանությունը, վայելքները պահելու համար են։ Պատմությունից տեսել ենք, թե նման իշխանավորների վերջն ինչ է լինում, նրանք հայտնվում են պատմության աղբանոցում կամ մնում են առանց գերեզմանների, կամ էլ նրանց գերեզմաններն անարգվում են»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ՝ «պետք է համախմբվել իշխանության շուրջ, որպեսզի ավելի լուրջ մարտահրավերների առաջ չկանգնեն», Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ եթե այդպես մտածեին, ապա վաղուց արած կլինեին։

«Մենք 2018 թվականի իշխանափոխությունից հետո, նաև 2020 թվականի պատերազմի առաջին օրն իրականացրել ենք այդ գործընթացը, արդյունքում ստացել ենք ուրացում, կործանում, և դա շարունակվում է։ Հետևաբար՝ այդ իշխանությունն իր ապիկարությամբ ցույց է տվել, որ հայ ժողովրդի շահերը չի սպասարկում։ Հետևաբար՝ համախմբել ո՞ւմ շուրջ, օտարի օրակարգը սպասարկողի՞ շուրջ։ Հակառակը, այդ մարդիկ, որ ասում են, իրենք պետք է անդրադառնան, թե ինչպիսի ուրացում է տեղի ունեցել, և առաջին հերթին իրենք պետք է կանգնեն այս իշխանություններից ազատվելու գործին։ Եթե չեն անում, նշանակում է, որ այս մարդիկ ուղղակի կամք չունեն ընդունելու, գիտակցելու և վճռականություն ցուցաբերելու հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս