Հենց առաջին օրը՝ ուղիղ մեկ ժամ հետո, «Արմեդ» համակարգը «պառկեց». Բժիշկները չգիտեն՝ ինչ անեն. Անուշ Պողոսյան
Փետրվարի 28-ին ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում մարտ ամսից մի շարք դեղեր հնարավոր չի լինի ձեռք բերել առանց էլեկտրոնային դեղատոմսի։
«Մարտ ամսից դեղատոմսով են դառնալու բոլոր հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերն ու իմունային շիճուկները, ինչպես նաև իմունոգլոբուլինը, պատվաստանյութերը և միզոպրոստոլ պարունակող դեղերը»,- հայտնեց փոխնախարարը՝ հավելելով, որ միայն կենտրոնացված գնումներով ստացած դեղորայքից պիլոտային ծրագրի շրջանակում 1,7 մլն-ից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար և արտոնյալ պայմաններով` մոտ 600 000»:
Այսինքն, նրա խոսքով՝ բոլոր դեղատոմսերը դուրս են գրել առաջնային օղակի բժիշկները և ներգրավված են առաջնային օղակի բոլոր հիմնարկները։
Ասուլիսին ներկա Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն էլ մանրամասնեց՝ բժիշկը դուրս է գրելու դեղատոմսն էլեկտրոնային եղանակով, որտեղ նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, թե օրական քանի անգամ և ինչպես պետք է ընդունել այն։ Այս գործընթացից հետո պացիենտը կարող է գնալ դեղատուն, որտեղ աշխատակիցը կփնտրի պացիենտի անունը ու դրանից հետո միայն կտրամադրի դեղորայքը։
Նշենք, որ ըստ ոլորտի պատասխանատուների՝ էլեկտրոնային դեղատոմսի համակարգը մեկնարկել է 2022 թվականի հուլիս ամսից, այն փուլային սկզբունքով է ներդրվել։ Շուտով ամբողջությամբ կբացառվի թղթային տարբերակով դեղատոմսի դուրսգրումը։
Էլեկտրոնային դեղատոմսի գաղափարը միգուցե և վատը չէ, սակայն, ինչպես ամեն ինչ, որին դիպչում է այս իշխանությունների ձեռքը, այս դեպքում էլ համակարգի ներդրումն այնքան փնթի ու անկատար է իրականացվել, որ դրա «побочный эфект»-ներն իրենց սպասեցնել չեն տվել:
Նախ իրավապաշտպան, «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը նույն փետրվարի 28-ին՝ փոխնախարարի ասուլիսից հետո, ասաց, որ ոչ մի իրավական հիմք չեն ստեղծել էլեկտրոնային դեղատոմսերը պարտադիր դարձնելու համար, ուստի դրա պարտադիր լինելն իրավաչափ չէ, ինչին հետևում է հաջորդ օրը՝ կառավարության նիստում, համապատասխան իրավական ակտի փոփոխության մասին հայտարարությունը:
«Հետաքրքիր է այն փաստը, որ 29.02.2024թ. կառավարության նիստում ներկայացնում են ՀՀ կառավարության 1080 որոշման մեջ փոփոխությունները, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես մեկ օր առաջ էր հայտարարել համակարգի ներդրման մասին, դեռ որոշումը կառավարության նիստում քվեարկության չանցած, բայց արդեն որպես տեղի ունեցած փաստ՝ ներկայացվել է հանրությանը։
Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ կառավարության անդամներից դեմ քվեարկեին կամ ուշադիր լսեին և հասկանային, որ հերթական չիրականացվող ծրագիրն է ներկայացվում, որը բերելու է առողջապահական քաոսի: Փաստորեն կառավարության նիստերը պարզապես ձևական բնույթ են կրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Պողոսյանը:
Բայց իրական խնդիրները, ըստ իրավապաշտպանի, սկսվել են համակարգը ներդնելու հենց առաջին օրը:
«Մարտի 1-ին՝ համակարգի ներդրման առաջին իսկ օրը՝ աշխատանքային օրվա մեկնարկից մեկ ժամ անց, դադարեց գործել էլեկտրոնային առողջապահության միասնական «Արմեդ» համակարգը: Ինչպես ասում են, համակարգը պառկեց: Դրա արդյունքում, բնականաբար, մեծ խառնաշփոթ է եղել»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Վերջինս նշեց նաև՝ այս օրերի ընթացքում բազմաթիվ բժիշկների հետ է խոսել, և բոլորն էլ միաբերան նշել են՝ ոչինչ հստակ չէ, չգիտեն՝ ինչ են անելու, ինչպես են այս պայմաններում դեղատոմս դուրս գրելու:
«Ես դեռ չեմ խոսում մարզային առողջապահության կոլապսի մասին, որովհետև անգամ Երևանի բարձրակարգ պոլիկլինիկաների, հիվանդանոցների բժիշկները չգիտեն՝ ինչպես են աշխատելու, ոնց են այդ դեղատոմսը կախելու: Այսինքն՝ համակարգն ամբողջությամբ պատրաստ չէ այս փոփոխությանը, ինչը հարուցում է թե՛ բուժառուների, և թե՛ բժիշկների դժգոհությունը: Առողջապահության նախարարության թեժ գիծը գերծանրաբեռնված է աշխատում»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ Երևանի պոլիկլինիկաների ու հիվանդանոցների բժիշկներն ասում են, որ անգամ համակարգիչ չունեն, էլ ուր մնաց, որ միանան «Արմեդ»-ին:
«Խայտառակ իրավիճակ է հատկապես հորմոնային պրեպարատների հետ կապված: Մարդիկ տարիներով խմում են այդ հորմոնները, ու հիմա կանգնել են փաստի առաջ ամեն օր ձեռք բերվող այդ դեղամիջոցների անհասանելիության պատճառով»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը: