Սերունդների կերտած Հանրապետությունը և նրա սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը. Րաֆֆի Հովհաննիսյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը․
«Մարտերկու, 1992 – մարտերկու, 2024… Պետականության երեսուներկու տարիներ, որոնց վերածնունդն ու վայրէջքը, սխրանքն ու սխալմունքը, մաքառումն ու մեղքը մեզ բերել են Հայոց հայրենիքի արդի պատմության ամենագոյութենական վճռորոշ ծայրակետին:
Հիմա՝ 32 տարի անց, նախախնամության բերմամբ հռչակված Հայաստանը, ազգի ու պետության ամբողջական ինքնությունը, Սիփանը, Մռավն ու Խուստուփը, հողն ու հոգին, անցյալն ու ներկան, հայկական ժառանգությունն, ընդհանրապես, կենացմահու գոյամարտի մեջ են արտաքին ոսոխների և ներքին երեսպաշտների միացյալ ասպատակությունների դեմ հանդիման:
Մնում է պետական Հայրենիքի գերագույն խորհրդանիշը՝ Դրոշը եռագույն, որը վեր խոյացավ պատմության մեջ ճիշտ այս օրը, և կդառնա այդ պետության ու պատմության, անօտարելի իրավունքների և անբեկանելի արժեքների ինքնահանձնումը տիեզերական:
Բառերն այլևս անզոր են, մեր բարը՝ հափշտակված: Կարճ կապենք:
Ինչ որ անելու ենք ազգովի, պետականորեն, ողջ Հայրենիքով հանդերձ և ի հեճուկս մեր միջի ժամապահ իշխանիկի, ուշացած այսօրն է:
Սերունդների կերտած Հանրապետությունը և նրա սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը»: