Բեռլինյան բանակցությունները Վաշինգտոնի նախաձեռնած քառօրյա բանակցությունների օրինակով լուրջ արդյունքների չեն հանգեցնի. վերլուծաբան 

Բեռլինում այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շարունակել են երեկ մեկնարկած բանակցությունները։ Նախօրեին կայացել էր արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որը հետո շարունակվել էր եռակողմ ձևաչափով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի մասնակցությամբ։

Բացի այդ, Բերբոքն առանձին երկկողմ հանդիպումներ էր ունեցել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ շեշտել էր՝ այժմ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն կա. «Ես ողջունում եմ ձեզ և ձեր կառավարություններին այն խիզախության համար, որը դուք ցուցաբերում եք այս նպատակին հասնելու համար»,- ասել էր Բերբոքը՝ շարունակելով՝ առաջ շարժվելու համար պահանջվում է իրական հանձնառություն և վճռականություն։

Գերմանիայի արտգործնախարարը նաև ընդգծել էր, որ Բեռլինում բանակցությունները պետք է լինեն երկու շաբաթ առաջ Մյունխենում մեկնարկած «արդյունավետ քննարկումների» շարունակություն՝ շեշտելով՝ ցանկանում են բանակցություններում առաջընթացի համար «հարմար հարթակ» առաջարկել. «Գերմանիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով և առանց ուժի կիրառման։ Հետևաբար՝ կարևոր է, որպեսզի խաղաղ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտվեն»։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը գտնում է, որ նախարարական բանակցությունների այս ձևաչափը նման է նախորդ տարի Վաշինգտոնի նախաձեռնած քառօրյա բանակցություններին:

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց, որ այդ բանակցությունների ընթացքում որոշ հարցերի շուրջ կողմերը փոխըմբռնում ձեռք էին բերել, սակայն չէին արձանագրել այնպիսի առաջընթաց, որն ակնկալում էր թե՛ Վաշինգտոնը, թե՛ կողմերը.

«Թվում էր, որ եթե Վաշինգտոնն է նման հանդիպում կազմակերպում, այն էլ՝ 4 օր, ապա Խաղաղության համաձայնագիրը պետք է տեղում ստորագրվեր։ Սակայն դա ցույց տվեց, որ կողմերի երկխոսությունը չի ընթացել պլանավորված հունով, չտալով ակնկալվող արդյունքը։ Նմանատիպ փորձ է անում այս անգամ Բեռլինը։ Ի դեպ, սա կարծես առանձին միջնորդական նախաձեռնություն է, Գերմանիան կողմերի համար ակնկալում է հարթակ դառնալ, այլ ոչ թե լինել ժամանակավոր հարթակ։

Սա կարծես ընդունելի լուծում է Բաքվի համար, որովհետև Ադրբեջանի իշխանությունները մերժում են Փարիզին, Բրյուսելին ու Վաշինգտոնին, ընդունելի է նաև Երևանի համար, քանի որ բանակցությունը, ի վերջո, Արևմուտքում է, այլ ոչ Ռուսաստանում, այդ հարթակին Երևանը ցույց տվեց, որ դեմ է»,- ընդգծեց նա։

Ըստ Արեշևի՝ այստեղ ևս խնդիր կա, թեև բանակցություններն Արևմուտքում են՝ Գերմանիայում, Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի սեղանին լինի միջնորդ, այլ ցանկանում է ուղիղ բանակցություններ, որովհետև ակնկալիքներն այդ փաստաթղթից մաքսիմալ են, իսկ ՀՀ-ն ցանկանում է իրեն աջակցող միջնորդ:

«Հենց այստեղ է խնդիրը և հենց դա է պատճառը, որ չեմ կարծում, որ կլինի լուրջ առաջընթաց, ինչպես անցյալ տարի Վաշինգտոնում»,- ասաց մեր զրուցակիցը։:

Նա հիշեցրեց օրերս Ադրբեջանի նախագահի հնչեցրած վերջնագիրը, թե ՀՀ-ն պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները:

«Դա բանակցային և խաղաղություն ապահովող դիրքորոշում չէ, և Արևմուտքում ևս դա հասկանում են։ Դա է նաև պատճառը, որ Արևմուտքը նոր տարբերակներ է փորձում։ Գուցե Գերմանիայի՞ մոտ ստացվի ինչ-որ առաջընթաց ապահովել։ Հայաստանի համար ևս մարտահրավերային է իրավիճակը, քանի որ խնդիրն այն է, որ անընդհատ նոր նշաձողեր է դնում ադրբեջանական կողմը պահանջների տեսանկյունից, ձգտում մաքսիմալ արդյունքների հասնել մեկ համաձայնագրով։ Իսկ ՀՀ իշխանություններն այլևս հույսեր են կապում Արևմուտքի հետ, որ նրանք ռեգիոնում ի օգուտ Հայաստանի իրավիճակ կստեղծեն։

Սակայն արդյո՞ք կհաջողվի դա Արևմուտքին, ՀՀ-ին դեռ կողմերի մեջ շեշտակիորեն հավասարակշռություն վերականգնող սպառազինություն չի տրամադրվել, ուստի Արևմուտքին մնում է քաղաքական լծակներ կիրառել Ադրբեջանի դեմ, սակայն Ադրբեջանն Արևմուտքի համար ոչ պակաս կարևոր երկիր է, Արևմուտքը պատժամիջոցներով չի սպառնա, անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ չի կիրառի։

Այդ պարագայում ՀՀ իշխանությունները գո՞հ են լինելու արդյունքներից։ Հարավային Կովկասը ներկայումս շատ լուրջ միջամտություն է պահանջում, եթե արտաքին որևէ ուժ ցանկանում է ազդեցություն այն պարագայում, երբ Ադրբեջանը դա մերժում է։ Ռեգիոնում անվտանգության ավանդական բալանսը խախտված է նաև արտաքին ուժերի միջև, և սա ոչ պակաս խնդիրներ է ստեղծում կողմերի միջև։ Դեռ շարունակում է էսկալացիայի վտանգը մեծ լինել»,- նշեց նա։

Արեշևի խոսքով՝ հավելյալ ապակայունացնող գործոն են այս ռեգիոնում հայ-ռուսական ներկայիս վատ միտումները։

Տեսանյութեր

Լրահոս