«Արցախի հայաթափման համակարգված օպերացիան չերաշխավորեց Սյունիքի անվտանգությունը». Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ քաղաքական աշխարհը գնում է ռազմատնտեսական և անվտանգային վերաբաժանման, իսկ Հայաստանի շուրջ ստեղծված պայթյունավտանգ վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու հնարավորությունները չափելի չեն։

«Գործող իշխանության անկարողությունը, որոշումների ընդունման տարածաշրջանային և ռեգիոնալ կենտրոնների հետ արկածախնդիր դիվանագիտական քայլերը, պոտենցիալ դաշնակիցներին սադրելու կործանարար քայլերը վիճարկելի են դարձրել Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովման հնարավորությունը։ Թվացյալ ինքնիշխանության կրճոնների պահպանման շղարշի ներքո, Հայաստանակործան այս իշխանությունը գնում է ռազմավարական կենսունակ շահեր ունեցող երկու հզոր կենտրոնների հետ ուղիղ առճակատման, որի հետևանքը լինելու է Թեհրանի և Մոսկվայի չմիջամտությունը Ադրբեջանի հերթական ագրեսիային կամ սանձազերծած պատերազմին»,- Անկախության հռչակագիրը պահպանելուն նվիրված քննարկման ժամանակ ասաց Աբրահամ Գասպարյանը՝ ընթերցելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ կեղծ պայքար տանելով Հայաստանի գուբերնացման թեզի դեմ, փաշինյանական իշխանությունն իր տկարամիտ ու գավառական մոտեցումներով Հայաստանը դարձնելու է ակամա գուբերնիա։

Շարունակելով հայտարարության տեքստը, Աբրահամ Գասպարյանն ասաց, որ ՀՀ իշխանությունը բացառել է պետության արտաքին անվտանգային քաղաքականության ծանրագույն մարտահրավերների օբյեկտիվ գնահատումը, վերլուծումն ու ելքերի որոնումը հավաքական ու համախոհական մոտեցումներով լուծելու ողջամիտ տարբերակը։

Կարդացեք նաև

«Փոխարենը, պետության լինելիության հարցը կապել է մեկ անձի հետ, որի կամայականություններից էլ կախված է բոլորի ճակատագիրը։ Ռեպրեսիաները, համակարգերի կազմաքանդումը, պետության անվտանգության, սահմանների և պաշտպանական քաղաքականության անփույթ, փնթի և մակերեսային մոտեցումները, հետևողական մտքի տեռորը հուսահատական, հանձնվողական տրամադրությունների և հետագա սոսկալի աղետին սպասելու մեծ ալիք է առաջացրել։

Մտահոգիչը, սակայն, ոչ այնքան պատերազմական անխուսափելի գործողությունների վերսկսման հավանականությունն է, որքան ժամկետի անորոշությունը։ Անկախ փաստից՝ ինչ բովանդակությամբ բանակցություն են վարում կամ դրա իմիտացիայով են զբաղվում Երևանն ու Բաքուն, Արցախի համակարգված հայաթափման օպերացիան չերաշխավորեց և դեռ երկար չի երաշխավորելու Սյունիքի անվտանգությունը, որը դարձել է կռվախնձոր աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների համար»,- ընդգծեց Աբրահամ Գասպարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս