Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ. Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ըստ էության  շարունակվում են, ուստի  չի կարող ասել, որ դրանք զրոյական կետում են։

«Այսօր և վաղը Բեռլինում Արտաքին գործերի նախարարները բանակցելու են հենց խաղաղության պայմանագիրը։ Ըստ այդ բանակցությունների արդյունքների՝ կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք։ Գիտեք, որ առաջարկների 7-րդ ռաունդն է եղել, և այսօր արդեն և վաղը ԱԳ նախարարները կաշխատեն տեքստի վրա։ Դրանից հետո կհասկանանք, թե արդյո՞ք այդ բանակցություններն առաջընթաց գրանցում են, թե՞ դեռ էլի լրացուցիչ բանակցությունների կարիք կա»,- նշեց իշխանական պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ ՀՀ պաշտոնյաները խոսում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին երկու առաջարկների ու դրանց շուրջ եղած հետընթացի մասին, ինչի մասին է խոսքը, ինչու փակագծեր չեն բացում, Սարգիս Խանդանյանը պատասխանեց՝ ենթադրում է, որ բանակցությունների ընթացքում և պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներում եղել են որոշակի հոդվածներ կամ հոդվածներում որոշակի դետալներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից։

«Մենք շարունակաբար պնդել ենք, որ համաձայնեցված հոդվածների շուրջ պետք է պահպանվեն համաձայնությունները։ Ես չեմ կարող բացահայտել փաստաթուղթը, հատկապես, որ այն մշտապես աշխատանքային փուլում է գտնվում և ամեն խմբագրումից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Շատ կարևոր է, որ այդ փաստաթղթի բանակցությունները տեղի ունենան ոչ թե այդպես օնլայն ռեժիմով, այլ բուն բանակցությունների ընթացքում։

Կարդացեք նաև

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, և այն, ինչ բանակցությունների ընթացքում համաձայնեցվում է, փաստաթղթում իր արձանագրումը չի գտնում»,- շեշտեց պատգամավորը։

Ըստ նրա, այսօր բանակցությունների ամբողջ նպատակն այն է, որպեսզի լարվածությունը նվազեցվի և որոշակի շրջանակ ձևավորվի բանակցային համագործակցության։

Ինչ վերաբերում է հնարավոր  նոր սադրանքներին, պատգամավորն ընդգծեց, որ չի ցանկանում կանխատեսում անել, բայց ընդհանուր առմամբ վերջին ամիսների ընթացքում բանակցությունների առաջընթաց չգրանցելը մշտապես այդ մտավախությունն էր  առաջ բերում։

«Բայց ես ուրախ եմ, որ այս պահին ըստ էության բանակցությունները վերսկսվեցին»,- եզրափակեց Սարգիս Խանդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս