Փաշինյանը թող Ալմա Աթայի հռչակագրով գնա բոլորի դռներն ու ասի՝ այնպես արեք, որ ադրբեջանական զորքը դուրս բերվի ՀՀ սահմաններից. Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ կապված իշխանությունը զբաղված է բառախաղերով՝ կարծելով, որ այդ ճանապարհով կարող է իրականությունը թաքցնել։

«Այս իշխանությունը չի կարող ձևակերպել՝ որն է Հայաստանի սահմանը, բայց մեղադրում է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը թող ինքը ձևակերպի, սկսել են արդեն օգտագործել ադրբեջանական տերմինոլոգիա՝ «պայմանական սահման»։ Թող գան այդ «պայմանական սահմանի» վրա։ Հիմա ԵՄ առաքելությունը ո՞ր սահմաններն է հետազոտում, նայում։

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե Ալմա Աթայի հռչակագրի առումով մեծ հայտնագործություն է արել, միայն ինքն է այդ հռչակագիրը հրապարակ բերել, այն բազմակողմ համաձայնագիր է։ Իրենից բացի, ոչ մեկն Ալմա Աթայի հռչակագրով չի առաջնորդվում, պարզ չէ՞, որ այդ հռչակագիրն էլ միջոց էր, որով տվեցին Արցախը։ Մարդն ուրիշ խնդիր է լուծում, այն բոլոր խնդիրները, որոնք ինքը պարտավոր է լուծել՝ նույն այդ հռչակագրից բխած, դրանցից հրաժարվելու ձև է գտել»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը թող Ալմա Աթայի հռչակագրով գնա բոլորի դռներն ու ասի՝ այնպես արեք, որ ադրբեջանական զորքը դուրս բերվի ՀՀ սահմաններից։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Զելենսկու հնարավոր այցին Հայաստան, Արմեն Ռուստամյանը նկատեց՝ Հայաստանի վիճակը շատ լավ էր, հիմա էլ դառնալու է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի թատերաբեմ։

«Ես սրա մասին վաղուց էի խոսում ու միշտ ասում էի, որ մեր խնդիրն այստեղ է, մեր ամենավատ կանխատեսումներն արդարացան։ Դուրս եկավ, որ այսօր Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան, հասկանո՞ւմ եք՝ դրանից ինչ կբխի։ Մոտեցումը հստակ է՝ Արևմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը, Հայաստանով փորձում են ընդլայնել այդ ճակատը, ինչը Հայաստանի համար կործանարար է լինելու։ Կարող է մի օր արթնանանք՝ տեսնենք, որ մենք այստեղ չկանք»,- հավելեց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս