Ըստ օդում կախված լուրերի՝ պատրաստվում են Ուկրաինային տալ միջնորդական առաքելության իրավունք. Հայկ Մամիջանյան
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանին, ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտի 1-ի էջը ցանկացած հայի համար սև էջ է, ցանկանում է երկու բան ասել։
«Մարտի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակի կողմից գալիս էր դեսպանատների հրապարակ՝ Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ ահագին մարդ կար հավաքված։ Երբ հավաքվածները նրան սկսեցին ողջունել ծափողջույններով, ինքը բավականին ցինիկ ու կոպիտ պատասխանեց՝ «ի՞նչ եք ծափ տալիս, քարեր ու փայտեր վերցրեք»։ Ցավոք, դա որևէ տեսանյութի վրա չկա։ Բայց փոխարենը՝ տեսանյութում կա, թե ինչպես էր փառավորվում Փաշինյանի հոգին, երբ ոստիկաններին մահակներով ու ձողերով ծեծում էին»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Ըստ պատգամավորի, Հայաստանում մի տագնապ կա ու օդում կախված մեկ հարց՝ այս ամենի վերջն ի՞նչ է լինելու։
«Իրականում վերջը մոտ է, բայց պարզապես կա՛մ Փաշինյանի վերջն է մոտ, կա՛մ Հայաստանի Հանրապետության։ Եկեք միասին մի քանի իրադարձություններ վերլուծենք, որովհետև ՀՀ քաղաքացին իրավունք ունի իմանալու ճշմարտությունը։ Առաջինը վերաբերում է Մյունխենին, որը վերլուծել է քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր վերջին հոդվածներից մեկում։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կազմակերպվեց Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ, ավելին՝ փաստացի քննարկման ժամանակ կանցլերը ներկա չէր։ Թեպետ այդ նույն ձևաչափում մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։
Հարց-1՝ հետևություն անե՞նք, որ Ադրբեջանի հերթական ուլտիմատումը՝ բանակցություններ առանց միջնորդների, իրականություն է դարձել։
Հարց-2՝ Հայաստանում շատ է քննարկվում Սահմանադրությունը փոխելու օրակարգը, որը, իմ համեստ կարծիքով՝ Փաշինյանը մինչև ավարտ չի հասցնի։ Բայց, ըստ օդում կախված լուրերի, այդ գործընթացին շարունակություն տալու դեպքում Փաշինյանը նախատեսում է Սահմանադրության մեջ ամրագրել ապադաշինքային տրամաբանություն։
Վերջերս շատ քննարկվեց Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի հավատարմատարի հայտարարությունը, որ մոտ ժամանակներս Հայաստանին մեծ ու կարևոր բաներ են սպասվում։
Հարց-3՝ հետևություն անե՞նք, որ դուք նախաձեռնում եք Ուկրաինային տալ միջնորդական առաքելության իրավունք կամ պարտականություն»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում