Մոսկվայում հասկացել են՝ Հայաստանի հետ հարաբերությունների խզումն անխուսափելի է. Հայկ Խալաթյան

Փետրվարի 21-ին լրացավ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության մեկ տարին: Դրանից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին և հայտնեց՝ «ԵՄ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը»։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հարցին, թե ինչպես են կարողանում նոթատետրերով և հեռադիտակներով «զինված» քաղաքացիական դիտորդները նպաստել տարածաշրջանում խաղաղության ապահովմանը, իսկ զենքով զինված ռուսները չեն կարողանում, «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը շեշտեց.

«Մի քանի օր առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած դեպքերը ապացույցն են այդ, այսպես կոչված, խաղաղության։ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե Ներքին Հանդում ռուսները թույլ չեն տվել ԵՄ դիտորդներին կանգնել, այսինքն՝ իրենք ռուսներին են ենթարկվել։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս եք մի կողմից կարողանում լուրջ հակառուսական քայլեր անել ու չվախենալ հետևանքներից, բայց ահա Ներքին Հանդում վախեցել եք դեմ գնալ ռուսներին»։

Ըստ Խալաթյանի՝ իրավիճակն իրականում այն է, որ Ալիևն այս պահին իր խաղն է տանում և հաջորդ էսկալացիան իրականացնելու է, այսպես կոչված, անկլավների ուղղությամբ։

Կարդացեք նաև

«Ալիևը հայտարարելու է, որ Փաշինյանը ճանաչել է դրանք Ադրբեջանի կազմում. դրանք վերցնելու համար դիմելու է էսկալացիայի՝ փորձելով  ոչ միայն անկլավները ստանալ, այլ նաև քայլ անել «Սյունիքով միջանցքի» իրագործման ուղղությամբ՝ միևնույն ժամանակ օգնելով Փաշինյանին՝ վախեցնել հայ ժողովրդին պատերազմով, իսկ վախի մթնոլորտում գտնվող հայ ժողովրդին Փաշինյանը կասի՝ Սահմանադրության հանրաքվեն պետք է ավելի խոշոր պատերազմից խուսափելու համար»,- ասաց Խալաթյանը։

«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունը հայ ժողովրդին նախապատրաստում է «չտվեցինք, եկան-վերցրեցին» տրամաբանությանը, ի պատասխան Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների, և այստեղ կարևոր է հիշել՝ նույն բանաձևն օգտագործել են Արցախի և Հայաստանից օկուպացված այլ տարածքների հարցում, հետևապես, Փաշինյանը, որն ամբողջությամբ ձախողել է իր իսկ հռչակած խաղաղության դարաշրջանը, հիմա էլ նախապատրաստում է, որ, եթե վաղը մեծ էսկալացիա լինի Հայաստանի սահմաններին, հայտարարի՝ ժողովուրդ, ես այդ մասին ասել էի.

«Հիմա ամեն ինչ Ալիևի ձեռքում է. վերջինս կարող է «Խաղաղության պայմանագիր» կնքել, ստանալ անկլավները, միջանցք ասվածը։ Մտավախություն ունեմ, որ վաղը կամ մյուս օրն Ադրբեջանը միջանցքին շատ մոտ կարգավիճակով ճանապարհ կստանա»,- ասաց Խալաթյանը՝ շեշտելով՝ նման վտանգավոր իրադրության ու զարգացումների առկայության դեպքում Հայաստանի իշխանությունը զբաղված է այլընտրանքներ ման գալով, մինչդեռ որևէ երկիր անգամ թղթի վրա չի պատրաստվում դառնալ այդ այլընտրանքը և տալ այդ անվտանգային երաշխիքը։

«Դեպի արևմուտք ճանապարհն անցնում է Թուրքիայով։ Հիմա հայ հասարակությանը համոզում են, թե ռուսները մեր թշնամին են, բայց մենք նրանց հետ հարաբերվում ենք, հետևապես՝ ի՞նչն է խանգարում մեզ մյուս թշնամու՝ Թուրքիայի հետ էլ հարաբերվել։ Փաշինյանին և թիմին պետք է ձևական փաստաթուղթ, որ դա կարողանան վաճառել հասարակության վրա, ինչից հետո դուրս բերել 102-րդ ռազմաբազան Հայաստանից, և դա այն դեպքում, երբ Ալիևի նպատակը Հայաստանի ամբողջական չեզոքացումն է, կամ այնպիսի պայմանների ստեղծումը, որ 20-30 տարի չկարողանա ոտքի կանգնել»,- ասաց քաղաքական մեկնաբանը՝ շեշտելով՝ Փաշինյանի ներկայիս քաղաքականությունը ոչ թե անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիա է, այլ Հայաստանն Արևմուտքի ձեռքում ընդդեմ Ռուսաստանի գործիք դարձնելուն միտված ճանապարհ։

«Մոսկվայում հասկացել են՝ Հայաստանի հետ հարաբերությունների խզումն անխուսափելի է, և սպասում են, որ առաջին քայլն անի Հայաստանը»,- խոսքը եզրափակեց Խալաթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս