Ֆրանսիան կշարունակի զարգացնել պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը․ Մակրոն

Ֆրանսիան կշարունակի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։

«Կշարունակենք զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական տեխնիկայի առաքման համար և Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևէ էսկալացիա»,-նշել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան շարունակում է նաև իր մարդասիրական հանձնառությունը՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի փախստականների՝ տրամադրելով 29 միլիոն եվրո 2023թվականին։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան վճռականորեն կշարունակի նաև աջակցել Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը։

«Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքիշխանության և տոկունության մեր ընդհանուր ռազմավարական շահերի համար»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից։

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում այսուհետ ամրապնդված է ԵՄ դիտորդական առաքելությունը՝ նպատակ ունենալով նպաստել կայունությանը, միջազգային հանրությանն անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը։

Տեսանյութեր

Լրահոս