Հայաստանում ԵՄ դեսպանը վստահեցնում է, որ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է

Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է:

Այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված ասուլիսում:

«Մենք հաստատակամորեն նվիրված ենք այս հարցին հետամուտ լինելուն: Անհրաժեշտ է, որ բոլոր անդամ երկրները աջակցեն դրան, որ կարողանանք առաջ շարժվել։ Հասկանում ենք, որ վիզաների ազատականացումը առաջնահերթություն է նաև Հայաստանի իշխանությունների ու Հայաստանի քաղաքացիների համար»,-ասաց Մարագոսը:

Դեսպանը հիշեցրեց, որ անցյալ շաբաթ Բրյուսելում ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնարկեցին նոր նախաձեռնություն՝ գործընկերության նոր օրակարգն առաջ մղելու համար:

«Այս հարցը դիտարկվում է նույն համատեքստում: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: Բայց մենք պետք է հավաստիանանք, որ բոլոր անդամ երկրները համակարծիք են այս խնդրի վերաբերյալ»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս