Հայաստանը պատրաստ է ներդրում ունենալ ԵՄ քաղաքացիական առաքելություններում․ Արմեն Գրիգորյան
Հայաստանը չի ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող, պատրաստ է նաև ներդրումներ ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանը այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք չենք ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող և այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրումներ ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում»,- ընդգծեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝վերջին երկու տարում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ինտենսիվ ընդլայնվում են։
«Եթե նախկինում ԵՄ-ի հետ օրակարգը ձևավորվում էր հիմնականում տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ-ն համագործակցությունը ընդլայնվել է և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն։ Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ։
Ցանկանում եմ նաև նշել, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ-ի հետ համագործակցության կարևոր օղակներից մեկը։ Այն նոր մակարդակի է բարձրացրել Երևան-Բրյուսել հարաբերությունները և, ինչպես հաճախ նշում ենք, դրական ազդեցություն է ունեցել ԵՄ-ի մասին Հայաստանի հանրության կարծիքի ձևավորման վրա։
Մենք ԵՄ-ի հետ կիսում ենք նույն ժողովրդավարական արժեքները և ուրախ ենք արձանագրել, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը ներառել է նաև անվտանգության ոլորտը»,- եզրափակեց Գրիգորյանը։