Չեխիայում և Դանիայում ՌԴ դեսպաններին կանչել են ԱԳՆ
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին կանչել է հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զմեևսկիին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ČTK լրատվական գործակալությունից։
«Չեխիան կոչ է արել հետաքննել նրա մահվան հանգամանքները և պարզաբանել, թե ինչու մարմինը չի տրվել հանգուցյալի ընտանիքին», – ČTK-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Դենիել Դրակեն։
Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինն իր հերթին հայտնել է, որ իրեն կանչել են թագավորության ԱԳՆ՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ դեսպանը հայտնել է, որ մինչև ռուսական կողմի հետաքննության ավարտը նման քայլերը կարող են դիտվել որպես «Նավալնիի մահը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ»։
Ռուսաստանի դիվանագետներին Նավալնիի մահվան կապակցությամբ կանչել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները։ Փետրվարի 19-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ռուսաստանը «պետք է թույլ տա» կատարել Նավալնիի մահվան «միջազգային և թափանցիկ» հետաքննություն:
Փետրվարի 16-ին Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալ Նենեցյան ինքնավար շրջանի վարչությունը հայտնել է քրեակատարողական հիմնարկում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Ըստ գերատեսչության տվյալների՝ զբոսանքից հետո նա իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, բժիշկները կես ժամից ավելի փորձել են վերակենդանացնել նրան: Նրա մահվան հստակ պատճառները հայտնի չեն։