Զեյնալին ՀՀ-ի կողմից հետախուզվում է մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքով․ փաստաբանը մանրամասներ է հայտնել
Մոսկվայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի փաստաբան Ալեքբեր Գարաևը մանրամասներ է հայտնել, թե ինչ մեղադրանքներով է Հայաստանը միջազգային հետախուզում հայտարարել Զեյնալիի նկատմամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գարաևն ասել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։
Փաստաբանը նաև հայտնել է, որ Զեյնալիի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա փետրվարի 22-ին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները):