ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցի Զեյնալլին չի հանձնվելու Հայաստանին. Ասլանյան
Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան էլ հայերիս համար ցավալի լինի, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում արցախցի ծերունուն դաժանաբար սպանելու մեղադրանքով միջպետական հետախուզման մեջ գտնվող և ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցի մարզիչ Քյամիմ Զեյնալլին ՌԴ իրավապահ մարմինների կողմից չի հանձնվելու Հայաստանին։
Պատճառաբանությունը շատ պարզ է. Նիկոլ Փաշինյանն ՀՀ-ի անունից Արցախը վաղուց է ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ արցախցիներին մինչ օրս էլ ՀՀ քաղաքացի չի համարում, հետևաբար՝ Ադրբեջանի տարածքում, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի սպանության համար մեղադրյալն ինչո՞ւ պետք է հանձնվի Հայաստանին, ավելին՝ դա կհակասի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին»
Մինսկի կոնվենցիայի, «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի և մյուս միջազգային փաստաթղթերի պահանջներին։ Մնում է հուսալ, որ Ռուսաստանը կպահանջի քրեական վարույթը և մարդակեր ստահակի քրեական պատասխանատվության հարցը կլուծի իր օրենսդրությամբ սահմանված կարգով»։