Ո՞նց կարող է պետություն սիրել մեկը, ում օրոք մեր պետությունը դարձել է գեոպոլիտիկ բոմժ. Արմեն Աշոտյանի ուղերձը՝ կալանավայրից
«Փաշինյանին պետք է պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող մենթալ պատերազմում»,- այս մասին այսօր՝ Ղարաբաղյան շարժման 36-ամյակի օրը, Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Հայկ Դերձյանը՝ ամբիոնից ընթերցելով ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղերձը։
Աշոտյանի խոսքով, Արցախյան շարժումը սկիզբ դրեց 2 հայկական պետություններին, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ «Արցախն օկուպացրել են Ադրբեջանի ԶՈՒ-ն, իսկ ՀՀ-ն՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։ Փաշինյանական ռեժիմը սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում է ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ է եղել մի գարշելի քարոզչական արշավի, որի նպատակն է՝ Ալիևին հանձնել մեր հոգիները։
Նիկոլը և նրա բաշիբոզուկները ջանք չեն խնայում մեզ հիմա համոզելու, որ մեր ազգային իղձերը սխալ էին, որ Շուշին ազատագրելը սխալ էր, որ սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ է, որ թուրքերին Ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ է, որ սխալ էին Վազգենն ու Դուշմանը, Մոնթեն ու Կյաժը։ Սխալ էին Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը, սխալ է մեր հավատքը, մեր պետությունը և մեր մշակույթը։ Մի խոսքով, հայ լինելը սխալ է։ Տգետ հիմնավորումներով, բայց խորամանկ մտադրություններով Փաշինյանը հակադրելով պետությունը հայրենիքին՝ փորձում է հիմնահատակ հայրենազրկել մեզ, ուզում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը նախևառաջ մեր հոգում, մեր սրտում, մեր մտքում, որովհետև կորսված հայրենիքը ձեռք բերել դեռ կարող ես, իսկ կորսված հայրենիքը՝ երբեք»,- գրել է Աշոտյանը բանտից։
Ըստ նրա, եթե պետությունը քո հայրենիքի վրանը չէ, ապա ո՞ւմ է պետք այդպիսի պետություն, այդպիսի ՀՀ-ն այլևս քոնը չէ, մերը չէ, հայերինը չէ։ «Իրականում Նիկոլը պետությունն էլ չի սիրում, նա պարզապես իշխանություն է սիրում անհագուրդ, ագահ և մոլեռանդորեն։ Ո՞նց կարող է պետություն սիրել մեկը, որ մեզ դարձրել է գոեպոլիտիկ բոմժ, ով թքած ունի այդ պետության օրենքների վրա, ում օրոք մեր պետությունը գահավիժել է թուլության և անճարության հատակին, ով թշնամու թելադրանքով պատրաստ է փոխել այդ պետության սահմանադրությունը, օրենքը, զինանշանը»,- ուղերձում նշել է Աշոտյանը։
«Ես մարդ եմ, ես հայ եմ, ես քաղաքացի եմ, սա իրականում արժանապատիվ կյանքի բանաձև է, որից ոչ մեկը չի կարող ջնջել մեր հայ լինելու փաստը։ Փաշինյանին պետք է պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող մենթալ պատերազմում, սակայն մենք այլևս չասենք, որ Նիկոլը պետք է հեռանա, որովհետև նա հոժարակամ չի հեռանա, պետք է նրան պարտադրենք մեր կամքը։ Չասենք՝ Նիկոլը պետք է հեռացվի, որովհետև չի հասկացվում, թե ով պետք է դա անի։
Չասենք նաև՝ ժողովուրդը պետք է հեռացնի Նիկոլին, որովհետև յուրաքանչյուրս այդ ժողովրդի մի մասն ենք և նրա մեջքի ետևում պախկվելու իրավունք չունենք։ Ուստի եկեք ամեն մեկս իր տեղում ասի՝ ես պետք է հեռացնեմ Նիկոլին, ես պահանջում եմ Նիկոլի հրաժարականը։ Արցախը ես եմ, Հայաստանը ես եմ, հայը ես եմ, Նիկոլի հրաժարականը պահանջողը ես եմ»,- իր ուղերձում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։