Սանոսյանն անդրադարձել է մանկապարտեզների շինարարությանն ու պետբյուջեի միջոցներով աշխատանքների վերահսկողության խնդրին
Մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու վերակառուցման սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի արդեն 34 հայտ է ներկայացվել։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ սուբվենցիոն ծրագրերով մանկապարտեզների կառուցման ծրագրերի համար կառավարությունը համաֆինանսավորման իր մասնաբաժինը հասցրել է 70 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքների դեպքում՝ մինչև 85 տոկոսի։
Նրա խոսքով՝ ներկայում շինարարական տարբեր փուլերում են գտնվում 100-ից ավելի մանկապարտեզներ, որոնց մի մասն ավարտական փուլում է, մի մասը՝ գույքի ձեռքբերման, մյուսները՝ մրցութային կամ շինարարության։
Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարության վերահսկողության խնդիրներին՝ Սանոսյանը նշեց, որ այդ գործառույթը պատվիրատուն պատվիրակում է տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերությանը․ ընդ որում՝ պետք է իրականացվի շինարարության հեղինակային և տեխնիկական հսկողություն։
Առաջինի դեպքում նախագծողը պետք է հսկի, որ կառուցապատումն իրականացվի իր նախագծի համաձայն, իսկ երկրորդի դեպքում՝ տեխնիկական վերահսկողություն իրականացնողն է հիմնական հսկողը։
«Այս պրոցեսում, իսկապես, տարբեր խնդիրներ ունենք։ Հաճախ մտածում են, որ պետք է համայնքապետարանը, մարզպետարանը, նախարարությունները, կոմիտեները, այլ գերատեսչություններն անընդհատ հսկեն, երբ իրականում հսկող մարմինը կամ կառույցը մրցույթով ընտրված կազմակերպություն է։ Ինչո՞ւ ենք մենք ակնկալում, որ համայնքապետը, մարզպետը, նախարարը, մյուս գործընկերները հսկեն, որովհետև իրականության մեջ մենք խնդիր ունենք հսկող կազմակերպությունների հետ»,-պարզաբանեց գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով՝ պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում հսկող կազմակերպությունների համար նախատեսված են տույժ-տուգանքներ, ընդհուպ՝ պայմանագրի խզում կամ տվյալ ընկերությանը «սև ցուցակ» ուղարկելու գործընթաց։
Այդուհանդերձ, ըստ Սանոսյանի, խնդիրները դրանից չեն պակասում, քանի որ դրանք լրացուցիչ իրավական, դատական գործընթացներ են։
«Դաշտի չկայացած լինելը, ընկերությունների պակասը, բերում է նրան, որ պետական մարմինները հաճախ սկսում են շինարարության հսկողի դեր ստանձնել։ Այս խնդիրները հաշվի առնելով՝ և՛ շինարարության փուլում, և՛ ավարտի, ինչպես նաև երաշխիքային ժամկետի փուլում մշտադիտարկման գործընթաց են իրականացնում թե՛ նախարարության, թե՛ մարզպետարանի, թե՛ համայնքապետարանի և տեսչական մարմնի աշխատակիցները։ Նրանք միասին շրջայցեր են իրականացնում շինարարության տարբեր փուլերում, որպեսզի կարողանան տեսնել, թե ինչ է կատարվում։ Եվ ցավով պետք է արձանագրել, որ, այո, հաճախ նաև թերություններ, խախտումներ են հայտնաբերվում, և հայտնաբերված խնդիրը պատճառ է դառնում, որ չվճարենք, որոշակի գործընթաց սկսենք ու զգուշացումներ կամ պահանջներ ներկայացնենք շինարարներին, ինչն առաջին հայացքից մեր ընդհանուր աշխատանքների մեջ պետք է չլիներ»,-հավելեց նախարարը՝ հայտնելով, որ եթե հայտնաբերված թերությունները շտկելի են, ապա ժամանակ է տրվում այն վերացնելու համար, իսկ անշտկելի խնդիրները ենթադրում են իրավական այլ գործընթացներ։