Արգամ Այվազյանի աշխատությամբ հնարավոր կլինի հակադարձել Ադրբեջանի զեղծարարություններին ու հակահայկական քաղաքականությանը

Ադրբեջանի պետական ու գիտական կառույցները, որոնք խորհրդային տարիներից ի վեր հնարավոր բոլոր միջոցներով ձեռնամուխ են եղել իրենց իշխանության տակ գտնվող հայկական բնակավայրերի պատմամշակութային ժառանգության վերացմանը, այսօր էլ եռանդուն կերպով ջանում են թե՛ կանգուն, թե՛ ավերված հայկական պատմական արժեքները վերագրել Ադրբեջանին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը։

«Հայաստանի և արտերկրի լրատվամիջոցներով բազմիցս փաստվել և այսօր էլ փաստվում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից պարբերաբար իր հսկողության տակ գտնվող տարածքներում, ինչպես, օրինակ, այսօր Արցախում, հայկական նյութական հուշարձանները բացեիբաց ենթարկվում են մշակութային ցեղասպանության։ Մի վայրագություն, որի կիրառման համար Ադրբեջանը պետական քաղաքականություն իրականացնելու մեծ փորձ ունի։ Հայկական պատմամշակութային արժեքների նկատմամբ վերջին 20-25 տարիների ադրբեջանական պետական վանդալիզմը նախևառաջ վերաբերում է Նախիջևանի հայկական ավելի քան 26 հազար հուշարձանների հիմնահատակ և ամբողջովին ոչնչացմանը։ Ցավով պետք է արձանագրել, որ Ադրբեջանն իր իրագործած մշակութային ցեղասպանության համար միջազգայնորեն պատասխանատվության չի ենթարկվել։ Հանգամանք, որն Ադրբեջանին իրավունք է տալիս այսօր էլ Արցախի հայոց ժառանգությունը ևս քայլ առ քայլ ոչնչացնել»,- ասաց Այվազյանը։

Նա վերջին տարիներին տվյալ հարցը թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում բազմիցս բարձրաձայնել է՝ ընդգծելով, որ ադրբեջանական պետական պաշտոնյաներն ու գիտական կառույցները ջանադրաբար և ծրագրված կերպով շարունակում են հակահայկական քաղաքականությունը։ Մասնավորապես՝ Նախիջևանի նյութական հուշարձանների վերաբերյալ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Նախիջևանի բաժանմունքը 2008 թվականին հրատարակել է գիտահանրամատչելի հանրագիտարան՝ ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով, որում հայկական վաղ միջնադարյան բոլոր բերդերն ու բնակատեղիները, կամուրջները, երրորդից առաջին հազարամյակներից մինչև ուշ միջնադարի բոլոր հնավայրերն ու հնագիտական գտածոներն անխտիր ներկայացված են որպես ադրբեջանական, Ադրբեջանի պատմության և ժողովրդի մշակույթին վերաբերող արժեքներ։ Այդ հրատարակությունում հայկական բնակավայրերի անվանումները ներկայացված են ադրբեջանական աղավաղումներով, ուստի հրատարակությանը ծանոթացող ոչ մի օտար ընթերցող չի կարող կռահել անգամ, որ այդտեղ երբևէ բնակվել են հայեր՝ թողնելով հուշարձան կամ հետք։

Այդ ամենևին Այվազյանը բնականաբար հակադարձել է և վերջերս էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում հանրության ուշադրությանն է ներկայացրել դեռ չհրատարակված իր ստվարածավալ աշխատությունը՝ «ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» վերնագրով։

416748817_376105325164986_1191042081296896052_n.jpg (166 KB)

«Այդ աշխատությունը եռալեզու է (հայերեն, անգլերեն, ռուսերեն), բաղկացած է 1072 էջից։ Ընդգրկում է ադրբեջանական վանդալիզմի հետևանքով 1998-2006 թվականներին հիմնահատակ ավերված Նախիջևանի հայկական ժառանգության վերաբերյալ համապատասխան տեքստերով ավելի քան 1600 փաստավավերագրական լուսանկարներ, որոնցից շուրջ 580-ը գունավոր են։ Այն, փաստորեն, Նախիջևանի հայոց ժառանգության վերաբերյալ պատմագիտական ուսումնասիրություն լինելուց բացի, ունի նաև փաստավավերագրական փաստաթղթի քաղաքական նշանակություն և արժեք»,- ասաց Այվազյանը։

Նրա կարծիքով՝ աշխատությունը կարող է Հայաստանի ու նրա Գիտությունների ազգային ակադեմիայի ձեռքին լինել հզոր կռվան՝ արդյունավետորեն հակադարձելու ադրբեջանական կողմի զեղծարարություններին։ Հեղինակն ակնկալում է հայրենասեր անհատների, գործարարների, հովանավորների աջակցությունը՝ այդ մեծարժեք աշխատությունը հրատարակելու համար և հույս ունի, որ նվիրյալ անձինք կգիտակցեն դրա կարևորությունն ու, տպագրությանն աջակցելով, կմասնակցեն Նախիջևանին առնչվող խնդիրների վերհանմանը։

Մանվել Մարգարյան

Տեսանյութեր

Լրահոս