Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը մշտապես հիգիենային հետևելն ու ստուգված սննդամթերք օգտագործելն է
Տարբեր տեսակների վարակիչ հիվանդությունները մշտապես եղել և մնում են արդիական խնդիր։ Դրանք կարող են պարբերաբար առաջացնել հիվանդության բռնկումներ՝ վարակելով հարյուրավոր մարդկանց։ Նման ելքից խուսափելու համար պետք է մշտապես հետևել հիգիենային, օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու, իսկ թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր պետք է լվանալ հոսող ջրով։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում էլ չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ պետք է դիմել բժշկի` խուսափելու հիվանդության բարդություններից։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բոքսային բաժանմունքի բժիշկ Լեռնիկ Մարտիրոսյանի հետ անդրադարձել ենք մի շարք ինֆեկցիոն հիվանդություններին:
Անդրադառնալով սուր աղիքային հիվանդությունների շարքին պատկանող սալմոնելեոզ վարակին՝ մասնագետը նշեց, որ այս վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ: Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։
«Հիվանդության գաղտնի շրջանը 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ:
Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն։
Որպես կանոն՝ ավելի հաճախ հիվանդանում են երեխաները և մեծահասակները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ»,- նշեց մասնագետը։
Խոսելով մեկ այլ ինֆեկցիոն հիվանդությունից՝ մոնոնուկլեոզից, մասնագետը ընդգծեց, որ այս վարակը փոխանցվում է օդակաթիլային, կոնտակտային եղանակով և արյան փոխներարկմամբ: Ինկուբացիոն շրջանը 4-6 շաբաթ է: Հիվանդությունը սկզբում արտահայտվում է սուր կամ բկանցքում աստիճանաբար ցավով, թուլությամբ, գլխացավով, դողով, քրտնարտադրությամբ, մկանացավերով, տենդով, որովայնի ցավով, հազով և այլն։
Բժիշկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ինֆեկցիոն մոնոնուկլեոզը ինքնաբուժվող հիվանդություն է:
Իսկ լեյշմանիոզները, կարելի է ասել, դասվում են մոռացված վարակիչ հիվանդությունների շարքին, որոնք, սակայն, վերջին ժամանակահատվածում նորից տարածում են ստացել:
Ըստ մասնագետի՝ լեյշմանիոզների հարուցիչները մակաբույծներ են: Վարակի աղբյուրը հիմնականում հիվանդ շներն են: Լեյշմանիոզների փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով, որոնք հիմնականում ձվադրում են օրգանական նյութերով հարուստ վայրերում՝ աղբարկղեր, աղբակույտեր:
«Ներկայում հանրապետությունում արձանագրվում են լեյշմանիոզի դեպքեր՝ հիմնականում Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում: Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել մլակների խայթոցից:
Ընտանի շներ ունենալու դեպքում անհրաժեշտ է ուշադիր լինել և շների լեյշմանիոզի ախտանշաններ (մազաթափություն, վերքեր դեմքի վրա, արյունահոսություն քթից) հայտնաբերելու դեպքում դիմել անասնաբույժի օգնությանը։
Նշենք, որ հիվանդության հիմնական նշաններն են` երկարատև տենդ, ավշային հանգույցների մեծացում, ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն, քաշի անկում:
Գայանե Գաբոյան