Ովքե՞ր 2025 և 2026թթ.-ից պարտադիր պետք է լրացնեն եկամուտների հայտարարագիր. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սոցցանցային իր էջով բացատրել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման նրբությունները:
Հիշեցնենք՝ 23.12.2023թ. ընդունվել և 01.01.2023թ. ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածով սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածում ենթակա փոփոխություններն ու լրացումները: Կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ պարտավորվում են Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։
Ընդ որում, սահմանվել են նաև այն ժամկետները, որոնց ընթացքում վերը նշյալ անձանց կողմից ենթակա են ներկայացման եկամտային հարկի տարեկան հաշվարկները, այլ կերպ ասած` հայտարարագրերը:
«Այսպես 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ ֆիզիկական անձինք եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) պետք է ներկայացնեն հետևյալ ժամկետներում.
• 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
• Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),
• Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
• Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն.(ընդ որում խոսքը վերաբերում է նաև հիպոթեքային վարկի պայմանագրի շրջանակներում ստացված վարկային միջոցներին)
2024 թվականի հաշվետու տարվա համար՝ ֆիզիկական անձինք եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում են հետևյալ ժամկետներում.
• 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված (բացառությամբ 2023 թվականի հաշվետու տարվա համար արդեն իսկ հայտարարատու համարվող անձանց) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
• 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած (բացառությամբ 2023 թվականի հաշվետու տարվա համար արդեն իսկ հայտարարատու համարվող անձանց) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
• 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
• Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
• Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
• Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (բոլոր քաղաքացիները):
Նույն փոփոխություններով և լրացումներով սահմանվել է, որ 2023 թվականի և 2024 թվականի հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չեն ներկայացնում այն անձինք, որոնց վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն՝ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտների մասով»,-ՀՀ քաղաքացիներին սպասվողի մասին տեղեկացրել է Արփինե Հովհաննիսյանը: