Գայի արձանի հարակից տարածքում ամիսներ առաջ արված վերանորոգումն անորակ է եղել. կրկին վերանորոգում են
168.am-ի խմբագրություն են դիմել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մի խումբ բնակիչներ՝ բողոքելով, որ Նորքի զանգվածում գտնվող Գայի՝ Հայկ Բժշկյանցի արձանի հարակից ամբողջ տարածքը նախորդ տարի վարչական շրջանի կողմից վերանորոգվել է՝ սալիկապատվել։ Սակայն մի քանի ամիս անց սալիկները դուրս են եկել, պատկան մարմինները եկել, նորից վերանորոգել են։ Այս տարի կրկին արձանի ամբողջ տարածքը քանդել են ու նորից սալիկապատում են։
Ըստ բնակիչների, արդեն տևական ժամանակ է՝ երեխաների հետ չեն կարողանում զբոսնել արձանի հարակից տարածքում, քանի որ մի կողմից փոշի է, մյուս կողմից՝ քանդած։
168.am-ին Նոր Նորքի վարչական շրջանի կոմունալ բաժնից ասացին, որ նախորդ վերանորոգումն անորակ են արել, այդ պատճառով էլ քանդել ու կրկին վերանորոգում են։
«Անորակ է եղել, կապալառու ընկերությունը սալիկները փոխում է՝ ինքն իր ուժերով»,- նշեցին վարչական շրջանի կոմունալ բաժնից։