
Բեզոսը վաճառել է Amazon-ի ևս 2 մլրդ դոլարի բաժնետոմս

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ընկերության ևս 2 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր է վաճառել՝ փետրվարին վաճառքի գումարը հասցնելով 6 մլրդ դոլարի։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։
Գործարարը փետրվարի 14-ին և 15-ին իրացրել է Amazon-ի 12 միլիոն բաժնետոմս, որոնք վաճառվել են 166,5-170,92 դոլար գնով։
Մինչ այդ Բեզոսը վաճառել է ընկերության ևս 24 միլիոն արժեթուղթ։ Այսպիսով, փետրվարի 7-ից ի վեր վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլար:
2023 թվականի նոյեմբերին հաստատված առևտրային գործառնությունների պլանին համապատասխան` Բեզոսը կարող է մինչև 2025 թվականի հունվարի վերջն իրացնել մինչև 50 միլիոն բաժնետոմս:
Բեզոսին են պատկանում Amazon-ի՝ մոտավորապես 166 միլիարդ դոլար գումարի արժեթղթերը: Ըստ Forbes-ի՝ գործարարի ընդհանուր կարողությունը կազմում է 191,4 միլիարդ դոլար:
Այս պահի դրությամբ Forbes-ի՝ իրական ժամանակով թարմացվող միլիարդատերերի ցանկում նա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ զիջելով երկրորդ հորիզոնականում հայտնված Space X-ի հիմնադիր Իլոն Մասկին (205 միլիարդ դոլար կարողությամբ) և առաջին տեղում գտնվող LVMH ընկերության նախագահ Բեռնար Առնոյին (220 միլիարդ դոլար կարողությամբ):