«Նիկոլ, ինքնակամ դուրս արի. ժողովուրդ, սրան պետք է կանգնեցնել, տանում է հերթական ցեղասպանության». Հրանտ Բագրատյան
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի, որտեղ կպահանջի նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագատյանն ասաց՝ «բանը բանից անցնում է», ամեն օր Նիկոլ Փաշինյանը մի աբսուրդ բան է ասում։
«Օրինակ, ասում է՝ Ալիևը պնդում է, որ մենք փոխենք Անկախության հռչակագիրը և այնտեղից հանենք այն կետը, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գերագույն խորհուրդը և Արցախի մարզային խորհուրդն ընդունել են միասնական որոշում։ Լավ, եթե փոխում ես, փոխիր, Գերագույն խորհուրդն է ընդունել, ԱԺ-ն թող փոխի, ինչո՞ւ ես սահմանադրական հանրաքվե անում։ Կամ՝ եթե դու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ես կնքում, ավտոմատ ճանաչում ես Ադրբեջանը, և հեչ է լինում 1989 թվականի որոշումը։ Բայց ինքը խաբելով ու ստելով առաջ է գնում, և հասարակությունը երբեմն նստում ու լրջորեն սա քննարկում է։ Ինքը կուտը գցում է, ու այնպիսի տպավորություն կա, որ Երևանից Փաշինյանն Ադրբեջանին ասի՝ քեզ էլ ավելի ագրեսիվ պահիր, ինչո՞ւ չես ուզում հարձակվես, հարձակվիր ու այդ «միջանցքը» գրավիր»,- նշեց Հրանտ Բագրատյանը։
Նա նշեց, նման միտումներ են տեսնում, ինչի մասին պարտավոր են զգուշացնել հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, սուտ է ասում։
«Երեկ, օրինակ, Ռուսաստանը պարզ հայտարարեց՝ ՀԱՊԿ-ից ինչո՞ւ եք դուրս եկել, ՀԱՊԿ-ն ձեզ պաշտպանելու է, ոչ մի խնդիր չկա։
Ակնհայտ է, որ սա ինչ-որ ձևով ապավինել է Արևմուտքին, և Արևմուտքն այսօր բացահայտ ասում է՝ ինձ մի ապավինիր, ոչինչ չեմ անի։ Տպավորություն է, որ Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական երկու ընտրություն ունի, երկուսն էլ վատն են։ Մեկի դեպքում ունենք երկու թշնամի՝ Ադրբեջան և Թուրքիա, դժբախտաբար, Փաշինյանն ընտրում է երկրորդ տարբերակը, որտեղ իր թշնամիներին գումարում է նաև Ռուսաստանին։ Սրա տակից ոչ մեկը չի կարող դուրս գալ։
Այս ամենը հայ ժողովուրդը պիտի կանգնեցնի, այլապես ես կսկսեմ մտածել, որ եթե ժողովուրդը սրան չի արձագանքում, ապա ստացվում է, որ ինքնակամ գնում է հերթական ցեղասպանության»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա, այսօր այս ամենը մարզերում գրեթե հասկանում են։
«Ուզում եմ տեղ հասցնենք, որ մարդիկ փետրվարի 20-ի հանրահավաքին գան, սա շատ թույլ է, դուրս է գալու։ Ես բարեկամաբար Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս՝ հիմա ինքնակամ դուրս արի, հետո քեզ համար շատ դժվար է լինելու, դուրս արի, տեսնենք՝ ինչ ենք անելու, փրկության հնարավորություն տեսնում ենք»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ երաշխավորում են Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անվտանգությունը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում