Ինչո՞ւ Ադրբեջանը կրակեց Սյունիքի վրա

Ադրբեջանցի վերլուծաբան Ասիֆ Նարիմանլին ասել է, որ Սյունիքի սահմանային անցակետի վրա հարձակվելու նպատակն օկուպացիոն գործողությանը դիմակալեու հայկական ուժերի կարողության ստուգումն էր։

Նրա խոսքով՝ հայկական կողմից կրակոցներ հնչելու պատրվակով Սյունիքի սահմանային անցակետի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցները նախապես ծրագրված էին և նպատակ ունեին ցույց տալ, թե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն անկայուն է։

«Այդ ծրագիրն անհիմն չէ։ Հունվարի 29-ին կայացած ԵՄ և Կենտրոնական Ասիայի ներդրողների ֆորումում որոշվել է 10 միլիարդ եվրո հատկացնել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին, որը միացնում է Ասիան Եվրոպային։

Իսկ այդ որոշումը Զանգեզուրի միջանցքի գոյությունը հարմար է դարձնում Եվրոպայի համար»,- ըստ parstoday.ir-ի՝ իր վերլուծական հոդվածում գրել է Նարիմանլին։

Բաքվի լրատվամիջոցներն օրերս հրապարակել են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումների շուրջ իրականացված ուսումնասիրության արդյունքները, որն, ըստ երևույթին, պետական աջակցությամբ իրականացրել է Ջամալէդդին Ղալիովը։

Ուսումնասիրության ընթացքում Ղալիովն օգտվել է այնպիսի կայքերից, ինչպես՝ Iran Diplomacy, Elekseh, Energy Press և այլն:

Իսկ ադրբեջանական Seven Khabar կայքն անդրադառնալով վերջին սահմանային բախմանը, իր՝ «Կարո՞ղ է Զանգեզուրի միջանցքը բացվել ուժով» վերնագրով հոդվածում գրել է․

«Եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, պետք է ստանձնի իր սադրիչ գործողության ողջ պատասխանատվությունը»։

Տեսանյութեր

Լրահոս