Քանի դեռ Փաշինյանը քաղաքականապես գոյություն ունի, անհնար է՝ մեր պետությունն անվտանգ լինի. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Նարեկ Մալյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսեց Ներքին Հանդում թշնամու կողմից իրականացված սադրանքի մասին, ասելով՝ այս իրավիճակը կավարտվի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես ավարտվի։
«Այլընտրանք չկա։ Երբ համադրում եք պաշտոնական հաղորդագրություններն ու այն, ինչ կատարվում է քաղաքում, այսինքն՝ այս մակարդակի անվտանգային խնդիրների պարագայում փոխանակ երկրի անվտանգությամբ զբաղվեն, զբաղվում են քաղբանտարկյալների վրա գործեր կարելով, հասկանում ես՝ քանի դեռ Փաշինյանը քաղաքականապես գոյություն ունի, անհնար է, որ մեր պետությունն անվտանգ ու խաղաղ ապրի»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Լրագրողները պատգամավորին հիշեցրին իր այն հայտարարությունը, թե՝ «կհնչի զանգը, և մարդիկ դուրս կգան», հետաքրքրվելով, թե այդ զանգը ե՞րբ է հնչելու։
Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ Հանրապետական կուսակցության համար որևէ բան չի փոխվել։
«Մեր օրակարգի առաջին կետում ինչպես եղել է իշխանափոխությունը Հայաստանում, այդպես էլ շարունակում է լինել։ Բայց, ինչպես բազմիցս ասել եմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ յուրաքանչյուր փորձից հետո հայրենասերներն ավելի թույլ են դառնում, իսկ փաշինյանենք՝ ավելի լկտի ու ավելի վատ համարձակ՝ հայրենիքը հանձնելու առումով, անհրաժեշտ է ընտրել այնպիսի մի պահ իրադարձությունների, որպեսզի այդ փողոցային պայքարի մեկնարկը լինի վերջին հաղթականը։ Ասածս թող չնկալվի, որ ես կասկածի տակ եմ դնում նախորդ պայքարի փուլերը, իրադարձություններն ու միջոցառումները, դրանք նույնպես որոշակի ազդեցություն ունեցել են, որոշակի արդյունքի հասել են, բայց մեր բոլորի ընդհանուր նպատակին հասնել դեռ չենք կարողացել»,- շեշտեց Հ. Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է Նարեկ Մալյանի գործին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ պետք է Նիկոլ Փաշինյանից հարցնել այդ գործից, դատարանն ընդամենը կամակատար է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում