Բաժիններ՝

Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամը չի փակվել, բայց որևէ փոխանցում չկա. Օլիգարխների կանայք չե՞ն հետևում Աննա Հակոբյանի կոչին

2018 թվականի սեպտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Բաղրամյան 26 էր հրավիրել ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների մայրերին, հայտարարել էր, որ բացվում է կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը ղեկավարելու է հերոսի մայրը՝ Համեստ Ներսիսյանը։

Նա դիմել էր բոլոր պաշտոնյաների ու  օլիգարխների կանանց՝ կոչ անելով աջակցել հիմնադրամի կայացմանը՝ փոխանցումներ անելով։

«Ուզում եմ այսօր այստեղից կոչ անել Հայաստանի բոլոր նախկին թե ներկա պաշտոնյաների, բոլոր օլիգարխների կանանց, ովքեր մի փոքր իսկ կասկած ունեն, թե ինչ միջոցներով են ձեռք բերել իրենց ունեցվածքը: Կամ եթե մի փոքր անգամ կասկածում են այն արդար ճանապարհի վրա, որի շնորհիվ ձեռք են բերել այդ հարստությունը և թանկարժեք զարդերը, ուզում եմ նրանց կոչ անել, որ այդ զարդերը կամ ինչ-որ արժեքավոր այլ իրեր նվիրաբերեն տիկին Համեստի ֆոնդին»,- ասել էր Ա. Հակոբյանը։

168.amՀամեստ Ներսիսյանից հետաքրքրվեց՝ հիմնադրամն այսօր ի՞նչ վիճակում է, արդյո՞ք Աննա Հակոբյանը և պաշտոնյաների կանայք փոխանցումներ անում են։

Կարդացեք նաև

«Հիմա հիմնադրամը սառեցված վիճակում է, որևէ փոխանցում չկա, հիմնադրամը չի փակվել, սակայն որևէ փոխանցում չկա։

Աննա Հակոբյանը մեկ անգամ սկզբում փոխանցում արել է՝ 1 մլն դրամ, այդ սկզբնական շրջանում փոքր փոխանցումներ եղել են ու վերջ»,- նշեց Համեստ Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ եթե հիմնադրամին փոխանցումներ լինեն, ապա կմտածի, թե ինչ ծրագիր պետք է իրականացնի, սակայն մեկ բան հստակ է՝ այս ծրագիրը կապված կլինի զինծառայողների, հերոս տղաների հետ։

«Բայց փոխանցումները կանգ են առել, կարծես թե մտքերս էլ են կանգ առել։ Արցախի պատերազմից հետո կարծես թե բոլորս կանգ առած լինենք, հետագայի ծրագրերին ենք հետևում, թե ինչ պետք է լինի մեր պետության վերջը, տրամադրություն չկա»,- նշեց Համեստ Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականին 168.am-ի հետ զրույցում Համեստ Ներսիսյանն ասել էր, որ Աննա Հակոբյանը խոստացել է, որ տարածք կտրամադրի հիմնադրամի գործունեության համար, սակայն մինչ օրս որևէ խնդիր չի լուծվել։

«Հիմա ո՛չ նա է ինձ դիմում, ո՛չ էլ ես եմ իրեն դիմում, չեմ ուզում որևէ մեկին դիմել ու ինչ-որ բան խնդրել։ Թող հիմնադրամը որպես Արմենակի անունով մնա։ Բայց դե, մարդիկ չցանկացան որևէ բան անել, ես էլ լռում եմ։ Հիմնադրամին եղած չնչին աջակցությամբ գիրք ենք տպագրել, բացի այդ՝ բազմիցս դիրքեր եմ գնացել, դե, այդ ամենն էլ գումար արժե, դե գնալուց էլ ինչպե՞ս կարող ես զինվորի մոտ դատարկ ձեռքով գնալ։

Ես չեմ սիրել որևէ մեկից  որևէ բան խնդրել ու չեմ էլ խնդրելու։ Տեսնում եմ, որ բոլորն անտարբեր են, միայն իրենց մասին են մտածում, թողած մեծ ընտանիքը՝ պետությունը, միայն սեփական անձի մասին են մտածում, ես էլ լռում եմ, կծկված ապրում եմ։ Իսկ եթե մեր ծնողների կողմից հարցեր են լինում, որոնց մասին պետք է բարձրաձայնվի, անպայման բարձրաձայնում եմ, հիմնականում իրավապաշտպանական հարցերով եմ զբաղվում։

Կրկնում եմ՝ որևէ մեկից որևէ բան չեմ խնդրում, իմ տղան իր էությամբ այնպիսին էր, որ չէր խնդրում»,- ասել էր Համեստ Ներսիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս