Բաժիններ՝

«Ucom» ընկերությունը սահմանում է ավելի բարձր չափանիշներ՝ 5-րդ սերնդի տեխնոլոգիաներով գնում է դեպի մարզեր

Հայաստանում «Ucom» ընկերությունն ընդլայնում է համագործակցության շրջանակները և այդ համատեքստում այսօր համաձայնագիր ստորագրեց աշխարհում հեռահաղորդակցության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առաջատարներից մեկի՝ Nokia ընկերության հետ՝ 5G Ready ծառայությունների արդիական ծածկույթ ապահովելու համար, որով արդիականացվելու է «Ucom»-ի բազային և IP ցանցի ենթակառուցվածքը՝ բարձրացնելով բաժանորդների շարժական կապի հարմարավետության աստիճանը, որպեսզի այն որակապես ավելի բարձր մակարդակ ունենա՝ ապահովելով տվյալների փոխանցման արագությունը և ավելացնելով թողունակությունը։

Ընկերությունը խոստանում է, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո «Ucom» ցանցը լայն հնարավորություններ կընձեռի՝ ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվ բաժանորդներին։

«Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ ընկերությունն ազդարարում է նոր մեկնարկ, հեռահաղորդակցության ոլորտում նոր ապագա է լինելու։

Կարդացեք նաև

«Խթանելու ենք ավելի զարգացումն ու տեխնոլոգիական մրցակցությունը։ «Ucom» ընկերությունը ցանկացել է համարձակ քայլ կատարել, ներդրումներ ունենա, զարգացնի ցանցը, ներկայացնի 5-րդ սերնդի տեխնոլոգիան։ Մենք որոշեցիք այդ ամենը սկսել Հայաստանի մարզերից և ազդարարում ենք 5G ցանցի կառուցումը, հինը փոխարինելու ենք նորով։ Ինչպես ասացի, մենք ուզում ենք սկսել Հայաստանի մարզերից, և սա բերելու է յուրահատուկ փորձ ու որակ մեր բաժանորդներին, որպեսզի զգան, թե ինչ է նշանակում նոր ծառայություն»,- համաձայնագիրը ստորագրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռալֆ Յիրիկյանը։

Ըստ նրա, այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն «Ucom» շարժական կապին, այլև ֆիքսված կապի, նոր հեռուստատեսային հարթակի, որն էլ կմատուցի հետաքրքիր ու այլ որակի ծառայություններ։

«Հույս ունեմ, որ մեզ հետ ամեն ինչ կստացվի շատ արագ, տարին բավականին աշխատանքային ու կառուցելու տարի է լինելու։ Ընթացքում ունենալու ենք դժվարություններ ու մարտահրավերներ, կփորձենք նախապես պատրաստել հանրությանը, այսինքն՝ երբ հինը փոխարինում ենք նորով, ընթացքում անպայման խնդիրներ են լինելու։ Բայց մենք փորձելու ենք այդ ամենն անել այնքան սահուն, որպեսզի մեր սիրելի բաժանորդները քիչ չգան այդ անցումը։ Ապագան կանաչ է լինելու և լավ է լինելու։ Մենք ուզում ենք, որ մեր երկրի անունը հեռահաղորդակցության քարտեզի վրա լինի ավելի տեսանելի, ճանաչված ու լսելի»,- եզրափակեց Ռալֆ Յիրիկյանը։

Nokia ընկերության Եվրոպական երկրներում բջջային ցանցերի գծով փոխնախագահը  խոսելով «Ucom» ընկերության հետ համագործակցելու կարևորության մասին, ասաց, որ նախ համագործակցության կարևորությունը թվայնացումն է՝ դրա միջոցով մարդկանց կյանքի որակը բարելավելն ու նոր հնարավորություններ ապահովելը։

«Կարող եմ ասել, որ «Ucom» ընկերության հետ համագործակցության ընթացքում մենք ականատեսն ենք եղել այն բանի, որ ընկերության ղեկավար կազմը ռազմավարական մոտեցում է ցուցաբերել, բոլոր դետալներում ունեցել է խորացված մոտեցում։ Մեր խնդիրն է՝ ուժ տալ և հզորացնել ընկերությանը, պատրաստել 5G ցանցին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Պիտեր Վուկովիչը։

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը կարևորեց պայմանագրի ստորագրումը, ընդգծելով, որ «Ucom» ընկերությունը նոր ռազմավարությունով ու նոր ներդրումներով շարժվում է դեպի մարզեր։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի շարժվենք մարզեր 5G պատրաստի ենթակառուցվածքներով։ Դրան պատրաստվելուն պես, վստահ ենք, որ խթանելու ենք, որպեսզի ՀՀ տնտեսությունը փորձի աշխուժանալ դեպի մարզեր։ Եվ երկրորդ կարևոր մասերից է, որ համաշխարհային ամենամեծ գործընկերների հետ ստորագրեցինք համաձայնագիր, որով Հայաստան է բերվում աշխարհի ամենարագ տեխնոլոգիաները, որը խթանելու է տնտեսության զարգացմանը։

Այսօր նաև մեզ համար շատ կարևոր է, որ հավատալով «Ucom»-ի մեր աշխատակիցներին, Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ շարժվում ենք առաջ՝ բերելու ենք նոր որակ, նոր տեսլական՝ մեր աշխատողներին ու հաճախորդներին։ Կարծում եմ՝ Հայաստանում պիտի շարունակենք նման ներդրումները, պետք է հավատանք, որ կանաչ ապագա կա «Ucom»-ի հետ միասին, ընկերության անունը դեռ հնչելու է աշխարհի տարբեր երկրներում»,- շեշտեց Արտյոմ Խաչատրյանը։

Նշենք, Հեռուստատեսության ժամանակակից լուծումներ և նոր որակի ծառայություններ առաջարկող համաշխարհային առաջատար MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը կառաջարկի որակապես նոր հեռուստատեսային հարթակ: Դուրս գալով ներկայիս IP հեռուստատեսության ցանցի սահմաններից, ընկերությունը կառաջարկի բոլորովին նոր փորձառություն՝ թե՛ տնային, թե՛ շարժական սարքավորումներից օգտվող բաժանորդների համար։

Տեսանյութեր

Լրահոս