Զալուժնիի պաշտոնանկությունը նոր փուլ է տանում, Զելենսկին սխալվելու վտանգի տակ է․ Economist

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի պաշտոնանկությունը նշանավորում է նոր փուլ, որում Վլադիմիր Զելենսկին սխալ թույլ տալու ռիսկի է դիմում, գրում է բրիտանական Economist ամսագիրը։

Պարբերականը նշում է, որ պաշտոնանկությունը տեղի է ունեցել մասամբ ուկրաինական բանակում և, ընդհանուր առմամբ, համաքաղաքացիների շրջանում Զալուժնիի ժողովրդականության պատճառով։

«Բայց գեներալի պաշտոնանկությունը ուշադրություն է գրավում մեկ այլ՝ ավելի կարևոր պատճառով։ Այն նշանավորում է պատերազմի նոր և կարևոր փուլ, որում Զելենսկին սխալ թույլ տալու ռիսկի է դիմում», – գրում է ամսագիրը։

Ինչպես նշվում է, Զալուժնիի՝ որպես գլխավոր հրամանատարի հեղինակությունն արդեն ճակատագրական կերպով ընկել էր նրա հրաժարականի մասին լուրերից հետո, բայց որքան երկար էր Զելենսկին ձգձգում հրաժարականը, այնքան դա ավելի շատ էր ազդում նրա հեղինակության վրա. ասում էին՝ չափազանց թույլ է Զալուժնիին աշխատանքից հեռացնելու համար։

Ամսագիրը գրում է, որ Զելենսկու համար ռիսկերից մեկը Ուկրաինայի զինված ուժերում դժգոհությունն է՝ կապված սիրված հրամանատարի պաշտոնանկության հետ։ Գեներալ Ալեքսանդր Սիրսկին, որին նշանակել են Զալուժնիի փոխարեն, ունի մի մարդու համբավ, որը «պատրաստ է մարտի մեջ մտնել, նույնիսկ եթե գինը բարձր է մարդկանց ու տեխնիկայի տեսքով», նշում է հրատարակությունը:

«Նա հակասական կերպար է, որը բուռն արձագանք է առաջացնում ծառայող սպաների մոտ։ Ոմանք գովում են նրա պրոֆեսիոնալիզմը, մյուսներն ասում են, որ նա սարսափեցնում է ենթականերին և կառավարում վախի օգնությամբ։ Նա դժվար թե կասկածի տակ դնի իր նախագահի առաջնահերթությունները: Երբ զբաղեցնի այդ բարձր պաշտոնը, ստիպված կլինի մեղմացնել իր հրամանատարական ոճը և սովորել ճշմարտությունն ասել իշխանությանը», – գրում է ամսագիրը։

Նշվում է նաև, որ Զալուժնիին պաշտոնանկ անելը կարող է հանգեցնել նաև քաղաքական հետևանքների. թեև գեներալին ճանաչողները նրա մեջ բնածին քաղաքական գործիչ չեն տեսնում, Ուկրաինայում այս կամ այն օլիգարխը նրա մեջ կարող է իր նկրրտումներն իրականացնելու միջոց տեսնել:

Զելենսկին փետրվարի 8-ին հայտարարեց Զալուժնիի փոխարեն Սիրսկիին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակելու մասին։ Մինչ այդ Սիրսկին ղեկավարում էր Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերը։ Ուկրաինական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ դեռևս 2023 թվականի աշնանը գրում էին Զելենսկու և Զալուժնիի հավանական հակամարտության մասին։

Washington Post թերթի լրագրողները նշել են, որ Զալուժնին, որը սիրված է ծառայակիցների շրջանում, կարող է վտանգ ներկայացնել Զելենսկու համար, եթե որոշի քաղաքական կարիերա սկսել։ Ամերիկյան Washington Post թերթը, մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության վերադասավորումներն անվանում է «ռիսկային ցնցում, որն, ամենայն հավանականությամբ, դժկամությամբ կընդունվի գրեթե երկու տարվա հակամարտությունից հյուծված զորքերի շրջանում»:

Տեսանյութեր

Լրահոս