Լա՛վ եք անում, բայց եթե նույնը չեք անում Աշոտյանի և մյուսների գործով, պրոբլեմ եք ունենալու. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսքն ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ ասելով, որ առաջին անգամ լավ բան են անում՝ «ապրեն», միջնորդում են դեռատի կանանց, ճանաչված գործարարին կալանավորելու «ապուշ որոշման դեմ»։
«Աջ կողմին՝ ապրեք առաջին անգամ: Լավ բան եք անում՝ միջնորդում եք երիտասարդ կանանց, վաստակավոր մարդու կալանավորման ապուշ որոշման դեմ: Բերեք՝ ես էլ ստորագրեմ:
Բայց եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, պրոբլեմ ունեք: Եվ ունենալու եք:
Վերջերս պատգամավորներով երաշխավորություն էինք ներկայացրել Աշոտյանի համար: Մեջբերում դատավոր Դոլմազյանի որոշումից. «Աշոտյանը զբաղեցրել է բարձր պաշտոններ, ունի տարաբնույթ կապեր՝ այդ թվում Ազգային ժողովում: Կարող է դրանք օգտագործել խոչընդոտելու, միջամտելու համար»: Եվ Դոլմազյանի հանճարեղ, նախադեպային արձանագրումը. «Ազգային ժողովում Աշոտյանի կապերի մասին է վկայում ՀՀ ԱԺ գործող ինը պատգամավորների կողմից Արմեն Աշոտյանի համար ներկայացված երաշխավորությունը»:
Արդարադատության նախարարին. եթե իր վրա կվերցնի, ինչպե՞ս կմեկնաբանեք Դոլմազյանի մտքի հակաիրավական թռիչքը և ինչպե՞ս եք մեկնաբանելու հաջորդ՝ աջ կողմի պատգամավորների միջնորդության վերաբերյալ որոշումը»,- նշեց Աղվան Վարդանյանը։
Պատասխանելով հարցին՝ Գրիգոր Մինասյանն ասաց, որ այսօր այն բացառիկ օրերից է, երբ հարցին պատասխանելով՝ կարող է և՛ ընդդիմությանը, և՛ իշխանական թիմին նայել։
«Եթե լինելով ոչ իրավաբան, ձեր վստահորդի փաստաբանը, իրավաբանը, խորհրդատուն ասում է, որ դատավորն ինչ-որ բան սխալ է արել, չպետք է քաղաքական ելույթ ունենալ, այլ պետք է դիմել երկու օղակների։ Մեկը՝ ինձ՝ որպես Արդարադատության նախարար, ներկայացնել կարգապահական դիմում, ասել Աշոտյանի գործի հետ կապված՝ արել է այս կամ այն խախտումը։ Եթե ինձ չեք վստահում, վստահեք ձեր շատ սիրելի էթիկայի հանձնաժողովին, որի կազմում կան բազմաթիվ փաստաբաններ»,- շեշտեց նախարարը։
Աղվան Վարդանյանը հակադարձեց Գրիգոր Մինասյանին՝ նշելով, որ իր խոսքը միայն Աշոտյանի մասին չէ, մյուս քաղբանտարկյալներին նախարարն անգիր գիտի։
«Քաղաքական ելույթն իմ մենաշնորհն է, դուք չեք որոշելու։ Առաջարկում եմ այս իմ ձևակերպումը, ելույթն ընդունել իբրև հաղորդում»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում