«Պատրաստ ենք մագիստրոսական և ասպիրանտուրայի ծրագրերի համար կրթաթոշակներ սահմանել, թե՛ կիսով չափ, թե՛ ամբողջապես փակել կրթական ծախսերը. Մուհամմեդ Ասադի Մովահեդ

Հայաստանն ու Իրանը, որոնք հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրներ են, իրենց բարեկամական հարաբերություններն ամրապնդում են մշակույթի, կրթության և այլ բնագավառներում: Դրա մասին են վկայում բազմաբովանդակ ծրագրերը, որոնք իրականացնում է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը Երևանում և մայրաքաղաքից դուրս:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Ասադի Մովահեդը մանրամասներ է հայտնել 2024 թվականին երկու երկրների միջև մշակութային, կրթական կապերի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին՝ հավաստիացնելով, որ այդ նախաձեռնությունները շարունակական են լինելու:

Իրանի Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձն ու լուսավորության շրջանը

Մեր հանդիպումը զուգադիպել է Իրանի Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի հետ, հեղափոխություն, որն իրականացվել է Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ: Մուհամմեդ Ասադի Մոհավեդի խոսքով՝ հեղափոխությունը լուսավորություն էր բերում, իսկ գիտությունն ու կրթությունը լույս են սփռում:

«Քառասունհինգ տարվա ընթացքում մեր երկիրը տարբեր ոլորտներում ձեռքբերումներ է ունեցել, սակայն դրանց գերակշիռ մասը մշակույթի, գիտության և արվեստի բնագավառներում են:

Հեղափոխությունից առաջ կին աշակերտների, կին ուսանողների թիվն Իրանում բավականին փոքր էր, սակայն ներկայումս համալսարաններում սովորող կին ուսանողների թիվը 58 տոկոս է կազմում: Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված բացասական պրոպագանդայի թեզերից մեկն այն էր, որ կինը մնում էր լուսանցքում, սակայն այսօր կինը գիտակրթական ոլորտում յուրահատուկ տեղ ունի: Մինչ հեղափոխությունը մեր երկրում գիտակրթական կենտրոնների քանակը 128 էր, իսկ այսօր 2700 բարձրագույն կրթական կենտրոն կա Իրանում»,- նշում է կենտրոնի ղեկավարը:

Գրականությունն ու թարգմանական արվեստը հայ-իրանական հարաբերությունների զարգացման հիմքում

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարը նշում է՝ հայ ժողովուրդն ու հայ հասարակությունը մշակութասեր, արվեստասեր է, ուստի իրենք Հայաստանում տարբեր մշակութային ծրագրեր են իրականացնելու: Կարևորագույններից մեկը գրքերի տպագրությունն է: Ծրագրերից մեկը, որին հետամուտ են, Հայաստանում տպագրված գրքերի, տարբեր հետաքրքիր ստեղծագործությունների թարգմանությունն է պարսկերեն և պարսկերեն գրականության թարգմանությունը հայերեն:

«Մենք համոզված ենք, որ երկու երկրների գրական գործերի թարգմանությունը միայն կհանգեցնի երկու ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը: Իրանում թարգմանական կենտրոն կա, և մենք աջակցում ենք այն բոլոր հայ թարգմանիչներին, որոնք կարող են պարսից գրականությունը հայերեն լեզվով թարգմանել ու ներկայացնել ընթերցողներին: Թարգմանվում են ոչ միայն դասականների՝ Սաադիի, Ֆիրդուսիի և այլ հեղինակների, այլև ժամանակակից ստեղծագործողների գործերը: Իմ ձեռքի տակ եղած վիճակագրության համաձայն՝ պարսկերենից հայերեն է թարգմանվել և տպագրվել ժամանակակից հեղինակների քսան գիրք:

Գրքերից մեկը, որ վերջերս է թարգմանվել, մանկական է և անդրադառնում է բնապահպանության թեմային, իսկ փետրվարի 16-ին Կապույտ մզկիթում տեղի կունենա Հաֆեզի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է «Զանգակ»-ը:

Համատեղ ֆիլմարտադրություն, թատերարվեստ և ցուցադրություններ

Շուտով Հայաստանից արվեստագետների մի խումբ է մեկնելու Իրան՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ կինոփառատոնին: Նախատեսվում է իրանական կինոյի շաբաթներ անցկացնել Հայաստանում, համատեղ կինոարտադրություն սկսել Իրանի և հայ արվեստագետների մասնակցությամբ, կլինեն համագործակցություններ նաև թատրոնի բնագավառում: «Ֆաջր» նշանակում է լույսի պոռթկում, լույսի պայթյուն, այգաբաց: «Ֆաջր»-ը տասնօրյակի անվանում է, այն փետրվարի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածն է, որ նշում են որպես Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի օրեր: Այդ անվանմամբ ոչ միայն կինոփառատոն, այլև թատերական, մանկական փառատոններ կան: Կենտրոնի ծրագրերից մեկը Հայաստանում մանկական թատերախմբի ստեղծումն ու մանկական թատրոնի շաբաթի անցկացումն է Երևանում:

«Վերադառնալով ֆիլմերին՝ ասեմ՝ այս տարվա կարևորագույն ծրագրերից մեկը, որի շուրջ բանակցություններ ենք վարում Հայաստանի հեռուստաընկերությունների հետ, իրանական ֆիլմերի հեռարձակումն է, և մենք կօժանդակենք ֆիլմերի թարգմանության գործում: Համոզված ենք, որ Հայաստանի հասարակության մեջ կարևոր և համակարգող դեր ունի ընտանիքը, ուստի կցուցադրվեն ֆիլմեր՝ նվիրված ընտանիքի թեմային, իսկ փետրվարի 7-ին Համադան նահանգի մշակութային օրերի ծրագրի բացումն է նախատեսվում: Համադանը մշակութային և խորը պատմություն ունի: Բացմանը նահանգի մշակութային գծով պատասխանատուները կգան Հայաստան: Կապույտ մզկիթում կիրականացվի ձեռագործ արվեստի ու արհեստի ցուցադրություն, ավանդական երաժշտական կատարումներով հանդես կգա «Ային» երաժշտական համույթը։ Ցուցադրությունը բաց է լինելու տասը օր:

Առանց որևէ շողոքորթության պետք է կրկնեմ, որ Հայաստանում մեծ սեր են տածում արվեստի հանդեպ, ինչը համընդհանուր երևույթ է և կարող է հանգեցնել երկու ժողովուրդների մերձեցմանը»,- նշում է Մոհավեդը:

Գիտությունն ու կրթությունը՝ հարաբերությունների ամրապնդման առհավատչյա

ՀՀ-ում Իրանի դեսպանական մշակույթի կենտրոնի ղեկավարն անձամբ հետամուտ է երկու երկրների գիտական կենտրոնների միջև ուսանողների փոխանակման ծրագրի իրականացմանը և խորապես համոզված է, որ թե՛ Հայաստանի ուսանողները, դասախոսները պետք է մեկնեն Իրան, թե՛ Իրանի ուսանողները, դասախոսներն այցելեն Հայաստան: Իրանի ուսումնական կենտրոնները զարգացած են, իսկ ուսման վարձը բավականին ցածր է:

«Պատրաստ ենք մագիստրոսական և ասպիրանտուրայի ծրագրերի համար կրթաթոշակներ սահմանել, թե՛ կիսով չափ, թե՛ ամբողջապես փակել կրթական ծախսերը: Այն ուսանողները, որոնք ցանկություն կհայտնեն մագիստրոսական և ասպիրանտուրայի շրջանակներում ուսանել Իրանի համալսարաններում, կստանան մեր աջակցությունը: Կրթական շրջագայությունների կազմակերպումը ևս մեր առաջնահերթություններից է: Կարևորում եմ նաև Թեհրանում և Սպահանում հայագիտական կենտրոնների առկայությունը: Հայերենի ու պարսկերենի միջև նմանություններ կան: Շատ եմ հայերենում հանդիպում բառերի, որոնք, կարծես, իրանական ծագում ունեն»,- ասում է նա:

Մատենադարանն ու Իրանը

Ծրագրերից կարևորագույնը, որ կիրականացվի, Մատենադարանի պարսկալեզու ձեռագրերի պահպանությանն է նվիրված: Մատենադարանում պահվում է մոտավորապես 4 հարյուրից ավելի պարսկերեն ձեռագիր մատյան: Այս պահի դրությամբ Մատենադարանի և Իրանում ձեռագրագիտական կենտրոնների միջև լավ հարաբերություններ են, կա երկուստեք փորձի փոխանակում: Կենտրոններից մեկը՝ Մաշհադի ձեռագրագիտական կենտրոնն է, որի հետ Մատենադարանը դեռ չի համագործակցում: Այնտեղ նաև հայերեն ձեռագրեր կան: Մշակույթի կենտրոնը հետամուտ է այն ծրագրին, որ Հայաստանից մասնագետներ մեկնեն այդ կենտրոն, այնտեղից մասնագետներ գան Հայաստան փորձի փոխանակման համար: Մարտի վերջին Մատենադարանում միջոցառում կանցկացվի, որին ներկա կլինի նաև երաժշտախումբ Իրանից:

Անժելա Համբարձումյան

Տեսանյութեր

Լրահոս