Կապիկությունն ավարտվեց. և՛ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ կենդանի

Երեկ 168.am-ը կանխատեսել էր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ընթացող մեկ գործողությամբ տրագիկոմեդիայի մասին, որի գործող անձինք, ցավոք, դատավորներ էին: Խոսքը վարչական դատավորների վերաբերյալ պայմանավորված վարույթին է վերաբերում:

Խոսքը Նիկոլ Փաշինյանին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի գործով (Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթի,- Գ.Ս.) որոշում կայացրած 4 դատավորների մասին է, ովքեր ՄԻԵԴ-ի կողմից այդ գործով հռչակվել էին պատասխանատու: Նրանք են՝ Հովսեփ Բեդևյան, Քրիստինե Մկոյան, Ռուզաննա Հակոբյան և Արգիշտի Ղազարյան:

Հունվարի 29-ին, երբ այս վարույթով առաջին նիստը տևեց ընդամենը 50 րոպե, որի զգալի ժամանակահատվածում Խորհուրդը խորհրդակցական ղենյակում էր, իսկ 4 դատավորներն էլ ներկա չէին իրեն վերաբերյալ քննվող կարգապահական վարույթին, պարզ դարձավ, որ այս աչքկապոցին ընդամենը տեսե՛ք՝ մերոնց էլ ենք «պատժում» շարքից է:

Հիշեցնենք, որ 2023թ. հուլիսի 3-ին ԲԴԽ-ն դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները։ ԲԴԽ-ն բավարարեց նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ ԱՆ միջնորդությունը։ Իսկ կարգապահական վարույթի առիթը ՄԻԵԴ-ից եկած վճիռն էր, որով պատասխանատու էին ճանաչվել այս դատավորները:

Կարդացեք նաև

Կարեն Անդրեասյանի կաստայի վերոնշյալ 4 դատավորներն էլ, որոնց վերաբերյալ այսօր ԲԴԽ-ն որոշում հրապարակեց, ՄԻԵԴ վճռով պատասխանատու էին ճանաչվել «Դարեսկզբի» գործով, սակայն նրանց նկատմամբ այսօր կիրառվեց կարգապահական տույժի մեղմ տեսակը՝ տույժ, մինչդեռ Կարեն Անդրեասյանի կամքը չկատարող դատավորներին հնարավոր ու անհնարին իրավական ու բարոյական օրենքների խախտումներով զրկեցին դատավորի կոչումից:

Ընդ որում, թե՛ լիազորությունները դադարեցված դատավորների, թե՛ Կարեն Անդրեասյան-Նիկոլ Փաշինյան-Գրիգոր Մինասյանի եռյակի սրտի դատավորների դեպքում Արդարադատության նախարարության միջնորդության մեջ գրված էր, որ դատավորները թույլ են տվել «կոպիտ անփութություն»:

«Կոպիտ անփութություն» թույլ տված 4 դատավորի լիազորությունները դադարեցվեցին, իսկ այս դեպքում՝ ընդամենը նկատողություն:

Մենք կանխատեսել էինք նաև, որ ԲԴԽ անդամներից միայն Արշակ Վարդանյանը կարող է քվեարկել իր համոզմունքների ու խղճի մտոք. Այդպես էլ եղավ: Արշակ Վարդանյանը, ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում դեմ քվեարկեց անգամ նկատողությանը, որովհետև ԴԱՏԱՎՈՐ է: Ավելին, նա նաև հատուկ կարծիք է գրել:

Դե ինչ, կապիկությունն ավարտվեց, իսկ Սահմանադրական դատարանում դեռ «քնած» է այս հարցի վերաբերյալ դիմումը, որը ներկայացրել է նախորդ տարվա հունվարին Կարեն Անդրեասյանի կամքով լիազորությունները դադարեցված Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը: Երևի դեռ հրահանգը չեն ստացել:

Տեսանյութեր

Լրահոս