Ժողովուրդը կորոշի՝ հրաժարվենք Անկախության հռչակագրից, թե ոչ․ Վլադիմիր Վարդանյան
Այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է՝ նոր Սահմանադրություն կլինի, թե ոչ, այդ նոր Սահմանադրության տեքստն ինչպիսին կլինի, արդյոք այնտեղ կլինի Անկախության հռչակագրի դրույթներին հղում, թե ոչ՝ որոշելու է ժողովուրդը՝ սահմանադիրը։
Ըստ նրա՝ Սահմանադրությունը երկու ձևով է պետք դիտարկել՝ որպես բուն տեքստ և որպես քաղաքացիների կամք։
«ՀՀ-ն ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է իրականացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նոր Սահմանադրության տեքստի հետ կապված»,- ասել է ՔՊ-ական Վարդանյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից բարձրաձայնվող կասկածներին, որ նոր Սահմանադրության մեջ չի լինելու հղում «Անկախության հռչակգրին», Վարդանյանն ասել է՝ գործող Սահմանադրության մեջ կա հղում ոչ թե Անկախության ամբողջ հռչակագրին, այլ առանձին դրույթներին, և դա արվում է ոչ թե հիմնական տեքստում, այլ՝ նախաբանում։
Իսկ այն, թե նոր Սահմանադրության մեջ հղումը կլինի, թե ոչ, կամ կլինի ավելի մեծ կամ փոքր ծավալով, ըստ նրա՝ որոշելու է ժողովուրդը։
«Միշտ դեմ եմ եղել Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելու փորձերին, դեմ եմ նաև Սահմանադրությունը որպես «սրբազան կով» դիտարկելուն։ Ապրող փաստաթուղթ է, այն պետք է ապրի և զարգանա»,- ասել է Վարդանյանը։
Նա նաև հավելեց, որ նոր Սահմանադրության տեքստի ստեղծման վերաբերյալ վերջնական որոշում չկա, կան գաղափարներ, որոնք քննարկվում են։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Խաղաղության պայմանագիրը Բաքվի և Երևանի միջեւ կարող է ստորագրվել միայն Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելուց հետո»։
Այսպիսով՝ նա հաստատում է ընդդիմադիրների այն պնդումները, որ Հայաստանի իշխանությունները Սահմանադրության մեջ փոփոխություններ ցանկանում են կատարել Բաքվի ճնշմամբ։