Մինչև մարտի 1-ը ԵՄ-ն Ուկրաինային կփոխանցի խոստացված 1 միլիոն արկից միայն 600 հազարը. Bloomberg
Մինչև մարտի 1-ը ԵՄ երկրները կկարողանան Ուկրաինային մատակարարել միայն 600 հազար հրետանային արկ՝ խոստացված 1 միլիոնից։ Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով անունը չհայտնած դիվանագետների:
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ զինամթերքի արտադրության մշտական ձգձգումների և առկա պաշարների սպառման հետ կապված մտահոգությունների պատճառով ԵՄ երկրները չեն կարողանա Կիևին մատակարարել նախատեսված 1 միլիոն արկը։
Սպասվում է, որ ԵՄ պաշտպանության նախարարները հունվարի 30-ին և 31-ին Բրյուսելում անցկացվող ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կփորձեն մատակարարման լրացուցիչ աղբյուրներ գտնել:
Bloomberg-ը հիշեցնում է, որ ուկրաինացի զինվորականները հրետանային արկերի և հակաօդային պաշտպանության միջոցների սուր պակաս ունեն։
Եվրամիության առաջնորդներն անցյալ փետրվարին խոստացել էին Ուկրաինային տարվա ընթացքում մատակարարել շուրջ 1 միլիոն արկ և հրթիռ, սակայն 2023 թ. դեկտեմբերին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդունեցին, որ ԵՄ-ն չի կարողանա ժամանակին կատարել այս խոստումը: Այն ժամանակ ԵՄ-ն կարողացավ Կիևին մատակարարել 300 հազարից փոքր-ինչ ավելի հրետանային արկ, հիմնականում` 155 մմ տրամաչափի հաուբիցների համար։
Միևնույն ժամանակ Միշելը և ֆոն դեր Լայենը խոստացել են 2024 թվականին ԵՄ արդյունաբերության ռազմականացում իրականացնել և արկերի արտադրությունը հասցնել մինչև տարեկան 1 միլիոնի։