Դատավորին մեղադրանք է ներկայացվել 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու համար. քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Բացահայտվել է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը:

«ՀՀ սնանկության դատարանի դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է նշված ընկերության գույքը հրապարակային աճուրդով վաճառելու գործընթաց: 2022 թվականի մարտին կայացած աճուրդում հաղթող ճանաչված ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել անհրաժեշտ վճարումները, որի պատճառով ընկերության բաժնետերերը բաց թողնված ժամկետը վերականգնելու, աճուրդով սահմանված գումարը վճարելու և գույքը ընկերության անունով գրանցելու նպատակով դիմել են իրենց մտերիմ անձին, ով նշված հարցի լուծման համար հանդիպել է նույն՝ սնանկ ճանաչված ընկերության սնանկության գործով կառավարչին:

Վերջինս 2023 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է դատավորին և առաջարկել կաշառքի դիմաց աճուրդում հաղթող ճանաչված ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարել՝ ակնկալվող դատական ակտով ընկերության համար հնարավորություն ստեղծելով վերականգնել բաց թողնված ժամկետը և կատարել վճարումները, որից հետո գույքի նկատմամբ գրանցել սեփականության իրավունք: Հիշյալ գործողությունների կատարման համար դատավորը սկզբնական փուլի համար պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար:

2023 թվականի նոյեմբերի 13-ին սնանկության գործով կառավարչի, ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի միջև կայացել է հանդիպում, որի ժամանակ սնանկության գործով կառավարիչը հայտնել է, որ նրանց օգտին բարենպաստ որոշում կայացնելու համար դատավորին անհրաժեշտ է տալ 150.000 ԱՄՆ դոլար կաշառք: Վերջիններս համաձայնվել են մաս-մաս տալ առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը:

2023 թվականի դեկտեմբերի 12-ին ընկերության բաժնետերերի ներկայացրած անձը հանդիպել է սնանկության գործով կառավարչին և վերջինիս տվել կաշառքի գումարից 20.000 ԱՄՆ դոլարը, որն էլ նույն օրը սնանկության գործով կառավարիչը անձամբ փոխանցել է դատավորին»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ: Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվելուց հետո դատավորին և նրան օժանդակած սնանկության գործով կառավարչին մեղադրանք է ներկայացվել: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել նաև ընկերության բաժնետերերին և նրանց ներկայացրած անձին:

Դատավորի և սնանկության գործով կառավարչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: 30.01.2024 թվականին դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և նույն օրը վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս