Արմեն Աշոտյանի գործով Դատական դեպարտամենտն իրեն 2-րդ կողմ է համարում. հարցը մնում է բաց՝ ո՞վ է ԲԴԽ-ին տվել ՀՀԿ փոխնախագահի վերաբերյալ որոշումը

Հունվարի 17-ին՝ առավոտյան, Դատական դեպարտամենտն իր սոցհարթակային պաշտոնական էջերով «պարզաբանում» տարածեց այն մասին, թե ինչո՞ւ է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ:

«Հրապարակված տեքստը նման է դատավոր Դոլմազյանի որոշումից քաղվածքի։ Այստեղ՝ հարց. ո՞ր մի որոշումից է այդ մեջբերումը՝ նախո՞րդ, թե՞ նոր։ Եթե՝ նախորդ, ապա այն այլևս հիմք չէ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելու համար։ Եթե՝ նոր, ապա այդ որոշումը մենք դեռ չենք ստացել, թեպետ ամենօրյա ռեժիմով զանգահարում ենք դատարան ու պահանջում տրամադրել որոշման մեր օրինակը»,- Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանի արձագանքն էր Դեպարտամենտի տարածած «պարզաբանման» վերաբերյալ:

Այն, որ Արմեն Աշոտյանի կալանքը լուրջ պրոբլեմ է՝ հատկապես միջազգային կազմակերպությունների ու եվրոպական հեղինակավոր քաղաքական միավորների կոշտ արձագանքները (դադարեցնել քաղաքական ընդդիմախոսների, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանի դեմ հետապնդումները) հաշվի առնելով, ու դա գիտակցում են նաև ԲԴԽ-ում, ակնհայտ է, բայց ամեն դեպքում հարցն առկախված էր՝ ինչպե՞ս է, որ Արմեն Աշոտյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալի վերաբերյալ դատավոր Դոլմազյանի կայացրած որոշումը չունեին, բայց Դատական դեպարտամենտն ուներ:

Իր գործով վերջին դատական նիստի ժամանակ այդ հարցը դատավորին ուղղեց նաև Արմեն Աշոտյանը:

Կարդացեք նաև

«Դատական դեպարտամենտն ունի՞ իրավունք իմ վերաբերյալ կայացված Ձեր որոշումը մեկնաբանել, երբ դեռ այդ որոշումը մենք չէինք ստացել»,- դատավորին հարցրեց Արմեն Աշոտյանը:

Նա հարցին չպատասխանեց:

Արմեն Աշոտյանը կրկին պնդեց՝ «Առաջին կասկածյալը Դուք եք: Դո՞ւք եք որոշումը տվել Դատական դեպարտամենտին»: Դատավորը հորդորեց դիմել Դատական դեպարտամենտին:

168.am-ը դիմեց Դատական դեպարտամենտին նույն այդ հարցով՝ ո՞վ է Արմեն Աշոտյանի վերաբերյալ դատավոր Վահե Դոլմազյանի կայացրած որոշումը տվել Դատական դեպարտամենտին, որն էլ որպես հիմք ընդունելով՝ Դեպարտամենտը տարածել էր այդ խնդրահարույց «պարզաբանումը», որտեղի՞ց դատական դեպարտամենտին այդ որոշումը, երբ անգամ Արմեն Աշոտյանն ու նրա պաշտպանները չունեին այն:

«Ի պատասխան Ձեր հարցադրման՝ տեղեկացնում ենք, որ Դատական դեպարտամենտի կողմից իրականացվող իրազեկման արշավի շրջանակներում անդրադարձ է կատարում հանրային հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ հանրությանն հուզող հարցերին։ Վերոգրյալով պայմանավորված էլ՝ Դատական դեպարտամենտն անդրադարձել է պարոն Աշոտյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու վերաբերյալ հարցին։ Ինչ վերաբերում է շահարկվող թեմային, թե Դատական Դեպարտամենտին ինչո՞ւ է տրվել Աշոտյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի կայացրած որոշումը, հարկ ենք համարում հստակեցնել, որ Դատական դեպարտամենտին Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրամադրվել է ոչ թե դատարանի որոշումն, այլ արդեն իսկ կայացված որոշման վերաբերյալ պարզաբանումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ թեմայի վերաբերյալ արդեն իսկ տարածվել էր միակողմանի և թերի տեղեկատվություն։ Որպես ամփոփում՝ նշենք նաև, որ թույլատրելիության սահմաններում համանման իրազեկումներ այլ հնչեղ գործերի վերաբերյալ ևս կհրապարակվեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պարունակում են նախաքննական, պետական և այլ տեսակի գաղտնիություն և քննվում են դռնփակության պայմաններում»,- պատասխանել էր ԲԴԽ-ն՝ ի պատասխան մեր հարցին:

Երբ այս հարցն ուղղում էինք ԲԴԽ-ին, բնականաբար, չէինք ակնկալում բովանդակային ու ըստ էության պատասխան ստանալ, բայց որ այս զավեշտալի «պատասխանը» նաև ինքնախոստովանական ցուցմունք կլինի, առանձնապես չէինք սպասում:

Այս կամ այն դեպքում Դեպարտամենտը չի պատասխանել հարցին՝ ով է տվել որոշումը, բայց ԲԴԽ-ն, երբ խոսում է թեմայի վերաբերյալ միակողմանի և թերի տեղեկատվություն տարածելով պայմանավորված «պարզաբանում» տարածելու մասին, փաստորեն ընդունում է, որ ինքը երկրորդ կողմն է: Արդյո՞ք սրանից չի կարելի հետևություն անել, որ Դատական դեպարտամենտն իրեն համարում է կողմ, եթե պաշտպանության կողմի պարզաբանումները գնահատում է որպես միակողմանի և թերի:

Չի հստակեցվել նաև, թե միակողմանի ասելով՝ Դեպարտամենտը հատկապես ինչը նկատի ունի:

Տեսանյութեր

Լրահոս