
Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել Հայիթիում առևանգված միանձնուհիներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը կոչ է արել ազատ արձակել պատանդներին, այդ թվում՝ վեց միանձնուհիներին, որոնց առևանգել էին ուրբաթ օրը Հայիթիում, և ասել, որ աղոթում է այդ երկրում սոցիալական ներդաշնակության համար։
Զինված գրոհայինները Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում առնվազն վեց միանձնուհիներով ավտոբուս են գրավել և շարժվել անհայտ ուղղությամբ՝ պատանդ վերցնելով բոլոր ուղևորներին, հայտնում է Vatican News-ը՝ վկայակոչելով Հաիթիի կրոնական խմբերի համաժողովին:
«Ցավով տեղեկացա Հայիթիում մի խումբ մարդկանց առևանգման մասին, այդ թվում՝ վեց կրոնավոր քույրերի», – ասել է Հռոմի պապն իր շաբաթական «Անգելուս» աղոթքից հետո:
«Նրանց ազատ արձակման իմ անկեղծ խնդրանքով ես աղոթում եմ երկրում սոցիալական ներդաշնակության համար և կոչ եմ անում բոլորին վերջ տալ բռնությանը, որը մեծ տառապանք է պատճառում այս սիրելի բնակչությանը», – ավելացրեց նա:
Բռնությունը Հայիթիում ամիսներ շարունակ աճում է, քանի որ ավազակախմբերը ձգտում են ճնշել ժամանակավոր վարչապետ Արիել Հենրիին` փետրվարի 7-ին նրա իշխանությունն ամրապնդող քաղաքական համաձայնագրի ավարտից առաջ:
Բռնությունը տեղի է ունենում հունվարի 26-ին սպասվող դատարանի որոշման նախօրեին՝ Քենիայի գլխավորած բազմազգ ուժեր ներգրավելու՝ երկրում ավազակության դեմ պայքարելու համար: